Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԱՎԱՏԵՍ Է

Քաղաքականություն

«Չի կարող որեւէ մեկը դեմ գնալ իր ազգային շահերին»,- մամուլի ասուլիսում ասաց Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին:

«Մինսկի խմբի դրական միջամտությամբ եւ Ադրբեջանի հետ համագործակցաբար մեզ հաջողվեց վերացնել բանակցությունների վերսկսման ճանապարհին վերջերս ստեղծված խոչնդոտները»,- իր բառերով, «զգուշավոր լավատեսությամբ» ԱԳ նախարարը գնահատեց այսօրվա իրավիճակը:

Անդրադառնալով դեկտեմբերի 6-7 Սոֆիայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը՝ նա նշեց, որ այնտեղ ԼՂ վերաբերյալ ընդունված որոշմամբ դրական է գնահատվել «Պրահայի գործընթացը»: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին առաջարկվել է հիմք ընդունել Աստանայում այս տարվա սեպտեմբերին նրանց ներկայացված բանակցային շրջանակը: Ադրբեջանական մամուլը անընդհատ շեշտում է, որ ԼՂ հարցը կարգավորվելու է փուլային տարբերակով:

Հերքու՞մ է այս փաստը Վարդան Օսկանյանը: Լրագրողներից մեկի այս հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարը խուսափողական պատասխան տվեց: Ըստ նրա, բանակցություններն ընթանում են երկու ուղղությամբ՝ մեկն՝ ինչպես կա, երկրորդը՝ ինչ ներկայացվում է հանրությանը:

Վարդան Օսկանյանը դժգոհեց, որ մեր հայկական մամուլից այսօր չի հասկացվում, թե հայ հանրությունը ո՞ր տարբերակին է կողմնակից՝ փուլային, փաթեթային, թե՞ խառն: Այդ դեպքում իրենց համար (այսինքն՝ նաեւ Ռոբերտ Քոչարյանի ) հեշտ կլիներ որոշում կայացնել:

Վարդան Օսկանյանը համոզված է, որ ԼՂ հարցով հանրության կարծիքը ներկայացնելու առումով մեծ դերակատարում ունի խորհրդարանը, չէ՞ որ պատգամավորները ժողովրդի ընտրյալներն են: