Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ԴԱՍ ՀԱՅ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Քաղաքականություն

«Ես մտահոգություն չունեմ, որ ուկրաինական տարբերակը կրկնվի Հայաստանում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Նա կարծում է, որ Հայաստանում չկան պայմաններ դրա համար, իրավիճակը հասունացած չէ:

Ըստ նրա, ուկրաինական հեղափոխությունը վերջ դրեց մեր ընդդիմության հավակնություններին, քանզի հասկանալի դարձավ, որ «որեւէ մեկի խաթրի համար չեն» միջազգային դիտորդները ընտրությունների արդյունքները ընդունում կամ չընդունում:

Վարդան Օսկանյանի ասելով, միջազգային հանրությունը այդպես էլ չընդունեց Ուկրաինայի նախագահի ընտրությունները, քանի որ «դրանք չէին արտահայտում ժողովրդի կամքը»: Իսկ Հայաստանի դեպքում դիտորդներն այնքան էլ հետեւողական չէին, քանի որ «մեր ընտրությունները արտահայտում էին ժողովրդի կամքը»:

Այս պարագայում ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը շտապեց շնորհավորել Յանուկովիչին: Վարդան Օսկանյանը այս հարցին պատասխանեց այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա, դա իրավական տեսակետից խոցելի չէ, քանի որ կա երկիր ու ԿԸՀ, որն էլ հրապարակել է ընտրությունների արդյունքերը: Նոր ընտրություններ կլինեն, կընտրվի նոր Նախագահ, Ռոբերտ Քոչարյանն էլ այնժամ կշնորհավորի նորին: