ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը մեկ արտասահմանյան եւ երեք տեղական ընկերությունների հետ ստորագրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վաճառքի պայմանագիրը:
Ընկերության նոր սեփականերերն են գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը (60%), հայկական «Մաքուր երկաթի գործարանը» (15%), «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն (12,5%) եւ «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշն» /AMP/ ընկերությունը (12.5%): Վերջինը նույնպես հայկական եւ հզոր ընկերություն է, որի ղեկավար Կարեն Կարապետյանը պայմանագրի ստորագրման շնորհանդեսին հաջորդած մամլո ասուլիսում ներկայացրեց, թե գործարանը ստեղծվել է 2003թ., հագեցած է վերջին տեխնոլոգիաներով: AMP-ում տարեկան արտադրվել է 1500 տոննա կոնցենտրատ, սակայն հզորությունը կբավականացնի մինչեւ 5000 տ արտադրելուն:
Ուշագրավ է, որ մեկ տարուց ավելի Հայաստանում գործում է նման նախանձելի տվյալներով գործարան, որը տնօրենի հավաստմամբ «մաքուր հայկական է». նկատենք, որ շնորհանդեսին ներկա ոչ մի լրագրող չգիտեր AMP-ի մասին:
Ի տարբերություն այս տեղականի, գերմանական «Քրոնիմետ Մայնինգը» աշխարհահռչակ ֆիրմա է: Ընկերության նախագահ Գյունտեր Պիլարսկիի խոսքով, «Քրոնիմետը» ընկերությունների խումբ է, որը գործում է երկրի չորս մայրցամաքներում:
Հայաստանի տնտեսական ռիսկերը Պիլարսկին դրական է գնահատում, քանի որ արդեն 5 տարի է, «Մաքուր երկաթի գործարան»-ում իրենք փայատեր են ու մեր երկրի մետաղաարդյունաբերության ոլորտում փորձվել են: Ընդհանուր առմամբ, գերմանական ֆիրման Հայաստանում է 10 տարի, շուկան ամբողջովին ուսումնասիրել է, գնահատականը մեջբերում ենք` «պոզիտիվ»:
Արտահանման ճանապարհներից Պիլարսկին գերադասում է վրացականն ու իրանականը, չնայած այսօր ասաց, որ փորձել են ապրանքի որոշ քանակ տեղափոխել ինքնաթիռով. «Թանկ է նստում, բայց ցամաքային տրանսպորտից երկու ամիս շուտ է տեղ հասնում»,- գնահատեց Գյունտեր Պիլարսկին:
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը գնահատվել է 132 մլն դոլար, որից 45 մլնը արդեն մուծված է պետբյուջե, մնացածը կմուծվի հաջորդ տարի: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնեց, որ չորս հիմնադիրներից կազմված խումբը կդառնա մեկ ընկերություն, եւ յուրաքանչյուրը իր բաժնեմասի չափով 2005թ կմասնակցի 10-150 մլն դոլար ներդրումներին: Նախատեսվում է 1,5-2 անգամ մեծացնել արտադրության ծավալները՝ 8 մլն տոննայից հասցնելով 12-14 մլն տոննայի:
Պղնձամոլիբդենայինում միջին աշխատավարձը 97 հազ դրամ է, կբարձրացվի մինչեւ 120 հազ դրամ, աշխատատեղերի քանակը 3000 -ից կհասնի 5000-ի: Ընդերքը կառավարությունը 25 տարով հանձնել է լիազորագրային կառավարման, ընկերությունը շարունակելու է ղեկավարել ներկայիս տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, սակայն առեւտրի նախարարի գնահատմամբ՝ «եթե լավ աշխատի»:
Նախարարը նաեւ հայտնեց, որ հարյուրավոր միլիոնների ներդրումները կֆինանսավորի գերմանական բանկերի կոնսորցիումը: