Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 ՄԼՆ ԵՎՐՈ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ՝ ԱՐԱԳ ԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հասարակություն

«Ամեն ինչ փող է»,- այս միտքը հնչեցրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը այսօր հրավիրված տարեվերջյան ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում ԵԱՀԿ գրասենյակները մշտապես արտաբյուջետային գումարներ են հայթայթում ծրագրեր իրականացնելու համար: Հայաստանում իրականացվող ծրագրերի համար նախատեսված գումարը, Պրյախինի ասելով, կրկնակի գերազանցում է գրասենյակին հատկացվող բյուջեն:

ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցին պարոն Պրյախինը չպատասխանեց՝ պատճառաբանությամբ. «Դա իմ մանդատը չէ»: ԵԱՀԿ մշտական խորհրդի տրամադրած մանդատի համաձայն՝ կազամկերպության գրասենյակները անդամակից երկրներում նպաստում են ժողովրդավարության կայացմանն ու զարգացմանը: Տարբեր երկրներում դա տարբեր եղանակով է իրականացվում՝ կախված քաղաքական իրավիճակից:

Վլադիմիր Պրյախինը հայտարարեց, որ անցնող տարվա ընթացքում իրենք ակտիվորեն հետեւել են Հայաստանի զարգացումներին, պատեհ առիթով հայտարարություններ, առաջարկներ արել, «որպեսզի նպաստեն քաղաքական ուժերի միջեւ երկխոսության կայացմանը, քաղաքացիական ազատությունների եւ մարդու իրավունքների պահպանմանը, ինչպես նաեւ Հայաստանի՝ եվրակառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը»:

Ի դեպ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը պատրաստվում է աջակցել ՀՀ ոստիկանությանը: Դրա համար նախատեսվում է օգտագործել մոտ 2 մլն եվրո: Ներկայումս գրասենյակը դրամահավաք է իրականացնում՝ դիմելով ԵԱՀԿ անդամ երկրներին եւ դոնոր կազմակերպություններին:

«Ես չէի ուզի ընկնել ոստիկանություն»,- ասաց պարոն Պրյախինը: Ըստ նրա, հայ ոստիկանությունը լավ է աշխատում, բայց ոչ արագ: Դրա պատճառն այն է, որ, ինչպես նրան են բացատրել հայ պաշտոնյանները, ոստիկանությունը ոչ մեքենաներ ունի, ոչ բենզին: Ծրագրով 50 մեքենա է տրամադրվելու ոստիկանությանը:

Բացի այդ նախատեսվում է՝ հայ ոստիականներին սովորեցնել աշխատել շվեդ ոստիկանների պես, բացատրել, որ պետք չէ կաշառք վերցնել եւ այլն:

Ասուլիսի վերջում Վլադիմիր Պրյախինը հայտնեց, որ հաջորդ հանդիպումը հայ լրագրողների հետ կկայանա 2005թ փետրվարի 9-ին: Այդ օրը լրանում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության 5-ամյակը: