Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԿԱԽ ԿԼԻՆԵՆՔ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՄԵԶ ՉԾԵԾԵՆ

Հասարակություն

«Նոր Հայաստան» բլոկը, միավորելով երկրի ապագայով մտահոգված նվիրյալ քաղաքացիներին, իր ուշադրության կենտրոնում է պահում հասարակությանը հուզող հիմնահարցերը»,- ասաց «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպության տնօրեն Էլեոնորա Մանանդյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Վերջին օրերին մամուլում լայնորեն քննարկվում է ընդդիմադիր նոր դաշինքի հնարավոր ձեւավորումը, որի գաղափարական հենքն է հռչակվում առաջին հերթին արեւմտամետ կողմնորոշումը: Ըստ Էլեոնորա Մանանդյանի, ընդդիմադիր ուժերը պետք է առաջնորդվեն առաջին հերթին ազգային բազմաթիվ խնդիրների կարգավորմամբ եւ պետականության կայացման հնարավոր ուղիների մշակմամբ:

«Հիմա մեր երկրում իշխում է ոհմակային տրամադրություն, անկախություն հռչակելով՝ մենք անկախ չդարձանք, մեր երկրում ժողովրդավարություն կլինի այն ժամանակ, երբ ընտրությունների ժամանակ մեզ չծեծեն»,- ասում է Էլեոնորա Մանանդյանը:

«Մենք կոչ ենք անում ընդդիմադիր քաղաքական ուժերին հզորանալու՝ առաջնորդվելով մեր ազգային շահերով եւ պետականության ամրապնդմամբ ՝ զերծ մնալով դրսից պարտադրվող որոշումներից»,- ասում է «Նոր Հայաստան» հ/կ-ի անդամ Սեդա Արզումանյանը: