Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-Ն ԵԿԵԼ Է ՄԵՐ ԴՈՒՌԸ

Քաղաքականություն

«2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում մենք մասնակցել ենք 5, իսկ 2005-ի համար պլանավորել ենք մասնակցությունը 8 զորավարժությունների»,- այսօր ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի աշխատանքային խմբի արտագնա նիստում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:

Ըստ նրա, Հայաստանը շատ բան է արել ՆԱՏՕ-ի հետ մերձեցման համար, ստորագրվել են փաստաթղթեր, լրացվել են հարցաշարեր, վավերացվել են համաձայնագրեր:

Այսօր պարոն Աղաբեկյանը ցավ հայտնեց, որ չնայած Հայաստանի համառ ջանքերին, իրենց չի հաջողվել հաջողությունների հասնել տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ եւ Հարավային Կովկասում դեռեւս պահպանվում է լարված եւ անկայուն մթնոլորտը:

«Պաշտպանության բնագավառում տարածաշրջանային համագործակցության մեր առաջարկները որոշ հարեւանների կողմից քաղաքականացվում են, համեմվում են բազմաթիվ նախապայմաններով, երբեմն նույնիսկ վերջնագրերով»,- ասաց Պաշտպանության փոխնախարարը:

Նա վստահություն հայտնեց, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի աշխատանքային խմբի անդամները կնպաստեն տարածաշրջանային լարվածության լիցքաթափմանը: Ի դեպ աշխատանքային խմբի մեջ կար Թուրքիայի մեկ ներկայացուցիչ` մայոր Օնուկ Դիրիքը, որին հետաքրքրում էր, թե ինչ ուժեր կան մեր խաղաղապահ ջոկատներում: Արթուր Աղաբեկյանը տեղեկացրեց, որ մեր խաղաղապահ ուժերում հիմնականում ականազերծողներ են: