Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵՆ ՕՐԵՆՍԴԻՐ ԵՒ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Քաղաքականություն

Ամեն տարի՝ չհաշված աշխատավարձը, ԱԺ մեկ ներկայացուցիչը պետության բյուջեի վրա «նստում» է 150 հազար դրամ, իսկ Կառավարության ներկայացուցիչը՝ 160 հազար: Այս հաշվարկն արվում է հաշվի առնելով նշված գերատեսչությունների աշխատանքը կազմակերպելու համար պետբյուջեից տրամադրվող գումարները եւ այն հանգամանքը, որ ԱԺ-ում աշխատում է 506 մարդ, իսկ Կառավարությունում՝ 331:

Այս փաստը պատգամավորների մտահոգությունն են առաջացրել. նրանք համոզված են, որ պետբյուջեից պետք է ավելի շատ գումար հատկացվի ԱԺ-ին, որպեսզի, օրինակ՝ օրենքների նախագծերը բազմացնելու խնդիր չառաջանա:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանը, օգտվելով առիթից, նաեւ դժգոհում է, որ արդարադատության ոլորտին էլ է հատկացվում քիչ գումար: «Հիմա ժողովուրդն անընդհատ ասում է, որ դատավորների աշխատավարձը բարձրացրել են: Բայց դատավորների աշխատավարձի կեսը գնում է կողմնակի ծախսերի վրա»,- ասում է Ռաֆիկ Պետրոսյանը:

Կողմնակի ծախս ասելով պատգամավորը նկատի ունի տրանսպորտի, գրենական պիտույքների վրա ծախսվող գումարը: Նման խնդիրներ ունեցող դատավորները, բնականաբար, այնքան էլ լավ չեն աշխատի: Այս դեպքում Ռաֆիկ Պետրոսյանն ունի մեկ այլ մտավախություն. «Հիմա, երբ ՀՀ քաղաքացիները դիմեն Եվրոպական Դատարան, ես համոզված եմ, որ բազմաթիվ ՀՀ վճիռներ բեկանվելու են եւ ուղարկվելու են այստեղ: Իսկ դա ծանր բեռի նման նստելու է մեր ուսերին»: