Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Ր ԵՐԿՐՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Տնտեսություն

Այսօր ԱԺ-ում 2005 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելիս Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը բավականին հետաքրքիր թվեր ներկայացրեց, որոնք վկայում են, թե Հայաստանում այսօր ամենեւին ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ չէ, ինչպես դա զգում են ՀՀ բնակիչները:

Վկայակոչելով վիճակագրության վարչության տվյալները, Տիգրան Սարգսյանը նշեց, որ անցած 11 ամիսների ընթացքում ՀՀ-ում տեղի է ունեցել գնանկում: Այդ երեւույթը, իբր ազդել է հացամթերքի, բանջարեղենի եւ կարտոֆիլի գների վրա: Քանի որ նշված սննդամթերքը ՀՀ քաղաքացիների հիմնական սնունդն է, ուստի Տիգրան Սարգսյանը համոզված է, որ այդ ամենը, բնականաբար, դրական ազդեցություն է ունեցել սպառողական զամբյուղի վրա: Այնուամենայնիվ, նաեւ կա ապրանքների մի մեծ ցանկ, որտեղ գրանցվել է գնաճ: Օրինակ՝ 42 %-ով բարձրացել է ձկնամթերքի գինը:

Արդյո՞ք ԿԲ-ն չի տիրապետում իրավիճակին

Դոլարի կտրուկ արժեզրկման խառնաշփոթի պայմաններում գործող տարադրամի փոխանակման կետերից շատերն աշխատում են օրենքի խախտումով: Այս մասին այսօր հայտարարեց ԿԲ նախագահը: Այդ ամենը պարզվել է կատարված ուսումնասիրությունների ընթացքում:

Գաղտնիք չէ, որ ֆինանսական ոլորտում ստեղծված այդ իրավիճակը մեծ ազդեցություն ունի Հանրապետության մակրոտնտեսական կայունության վրա: Որպեսզի այդ կայունությունն ամրապնդվի, Տիգրան Սարգսյանը մի խորհուրդ ունի ՀՀ բնակիչներին. «Դոլարիզացիայի նվազեցում պետք է լինի Հայաստանում: ՀՀ գործարարների եւ քաղաքացիների խնայողությունների պորտֆելում անհրաժեշտ է ունենալ դրամ»:

Իսկ արդյո՞ք Կենտրոնական Բանկն ի վիճակի է վերահսկել /դոլարի հետ կապված/ ֆինանսական շուկայում տեղի ունեցող վայրիվերումները: ԿԲ «ուժն» ապացուցելու համար Տիգրան Սարգյանն օրինակ բերեց այն փաստը, որ ԿԲ-ն կարողացել է ՀՀ-ում փակել 15 բանկ: Ու այդ ամենն արվել է հոռետեսական այն մթնոլորտում, թե ԿԲ-ն չի կարող ազդել այն բանկերի վրա, որոնց գործունեությունը կապվում է տարբեր գործարարների, օլիգարխների եւ այլ պաշտոնյաների հետ: