Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՆՏԵԳՐԱՑՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՁՈՒԼՈՒՄ»

Քաղաքականություն

Դեկտեմբերի 11-ին Ախալքալաքում Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց Սամցխե-Ջավախքի հասարակական առաջին համաժողովը, որի խորագիրն էր «Ինտեգրացում, բայց ոչ ձուլում»: Սա նշանակում է, որ տարածաշրջանի հայ ազգաբնակչությունը սկզբունքորեն դեմ չլինելով երկրամասը Վրաստանին ինտեգրելուն, միանգամայն չի ընդունում կենտրոնական իշխանությունների կողմից վարվող «ինտեգրման» այն քաղաքականությունը, որը տանում է դեպի ձուլում: Տեղեկատվությունը մեզ է տրամադրել Ա Ինֆո գործակալությունը:

Ինչպես նախօրոք հայտարարել էր Խորհուրդը, համաժողովի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Նախատեսվող հաջորդ համաժողովներում քննարկվելու են լեզվամշակութային, տեղական ինքնակառավարման հարցերը:

Սակայն խորհրդին անհայտ պատճառներով համաժողովին հրավիրված բարձրաստիճան հրավիրյալներից ներկա չէր գրեթե ոչ ոք, բացառությամբ ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնակատարի վրաստանյան ներկայացուցիչ Բեատրիս Շուլտերիերի եւ Փոքրամասնությունների հարցերով եվրոպական կենտրոնի (ECMI) Ախալքալաքի ծրագրի մենեջեր Միքայել Հերթոֆտի:

Ի դեպ, Համաժողովին չմասնակցեցին նաեւ տարածաշրջանից ընտրված հայ պատգամավորները, որոնք նախընտրել էին Երեւանում մասնակցել մեկ կուսակցության համագումարին:

Զեկուցողները արձանագրեցին Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վարվող այն խտրական քաղաքականությունը, որի պատճառով տարածաշրջանը սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ է հայտնվել: Նշվեց նաեւ միջազգային դոնորների հատկացրած գումարների անհավասարաչափ բաշխման (ի վնաս երկրամասի հայության) մասին:

Համաժողովի ավարտին Սամցխե-Ջավախքի սոցիալ-տնտեսական կացության վերաբերյալ, ինչպես նաեւ այդ վիճակից դուրս գալուն առնչվող բանաձեւ ընդունվեց, որում մասնավորապես ասված է.

«Քանի որ կուտակված խնդիրների լուծման ձգձգումը կարող է ստեղծել նոր եւ անցանկալի լարվածություն, եւ առանց այն էլ լարված ու պայթյունավտանգ մթնոլորտն ավելի է շիկանում մի շարք զանգվածային լրատվամիջոցների ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների հրահրած ազգայնամոլական եւ անհանդուրժողականության քարոզչությամբ, անհրաժեշտ ենք համարում

-Աշխատատեղերի ստեղծումը, տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների (գազամուղ, ջրագիծ, ոռոգման ցանց, հեռահաղորդակցություն, եւ այլն) զարգացումը նկատել որպես շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման առաջին ուղին:

- Վրաստանի ծովափնյա շրջանների, Թբիլիսիի եւ Հայաստանի հետ կապող մայրուղիների, ինչպես նաեւ միջգյուղական ճանապարհների ամբողջական վերանորոգումը, որը կարող է ապահովվել ներքին եւ արտաքին ռեսուրսների հաշվին:

- Էներգետիկ դժվարությունների բեռի հավասարաչափ բաշխումը տարբեր շրջանների միջեւ. շրջանների էներգետիկ խնդիրների լուծումը տեղական ռեսուրսների (Թափարվան) օգտագործման միջոցով:

- Գյուղական շրջանների հեռախոսացանցի ընդլայնումը, որակյալ եւ մատչելի կապի ապահովումը:

- Հեռահաղորդակցության արդիական հաղորդիչ կայանի կառուցումն ու շահագործումը:

- Գյուղատնտեսական ապրանքների` տեղում վերամշակման ապահովումը, գյուղատնտեսական ասպարեզում նոր տեխնոլոգիաների կիրառումը եւ շրջանի ոռոգման խնդիրների շուտափույթ լուծումը:

- Խոշոր (այդ թվում` օտարերկրյա) բանկերի մասնաճյուղերի, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական եւ վարկային կազմակերպությունների կողմից գրասենյակների հիմնադրումը, դրանց կողմից փոքր եւ միջին գործարարության վարկավորումը:

- Առողջապահական համակարգի վերակագնումը (հիվանդանոցներ, շտապ օգնության կայաններ, գյուղական ամբուլատորիաներ):

- Ախալքալաքի օդանավակայանի վերակառուցումն ու վերագործարկումը:

- Ազգամիջյան խնդիրներում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը, ամրապնդմանն ու պահպանմանը նպաստող գործողությունների ձեռնարկումը:

- Համապատասխան քայլերի ձեռնարկումը` շրջանի կայունության պահպանմանը խոչընդոտող ժողովրդագրական իրավիճակի ցանկացած արհեստական փոփոխության դեմ:

- Շրջանում ընթացող միջազգային տնտեսական գործընթացներին տեղի բնակչության ակտիվ մասնակցությունը, առկա ներուժի եւ կարողությունների օգտագործումը:

- Համագործակցությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդկային զարգացման, ինչպես նաեւ տնտեսական ինտեգրացիոն խնդիրներ հետապնդող միջազգային կազմակերպությունների հետ, նրանց ակտիվ մասնակցությունը Սամցխե-Ջավախքի հիմնախնդիրների լուծման գործում, միջազգային վարկային եւ դրամաշնորհային կազմակերպությունների կողմից միջոցների համաչափ բաշխումը տարբեր շրջանների միջեւ»: