Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՓՈՓՈԽՎՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

Քաղաքականություն

Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ-ն եւ միջազգային մյուս փորձագետներն անհամբեր սպասում են «Ընտրական օրենսգրքի» լրամշակված տարբերակին, որը, ըստ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Էլայն Կոնկիեւիչի, հանձնաժողով պետք է ուղարկվի մինչեւ ԱԺ երկրորդ ընթերցման ներկայացնելը:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ Էլայն Կոնկիեւիչը համենայնդեպս ասաց, որ իրենք համբերատարություն կցուցաբերեն, քանի որ ուզում են, որ Հայաստանում լինի «ժողովրդի շահերին հավատարիմ եւ նրա կողմից ընտրյալներ»:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը վստահեցրեց, որ առաջին ընթերցումից առաջ իրենք հաշվի են առել Վենետիկի հանձնաժողովի դիտողությունների 90%: Հիմա էլ հաշվի են առնում ներկայացված առաջարկները: «Օրինաց երկր»-ի պատգամավորը մանրամասն թվարկեց ԸՕ բարեմասնությունները, օրինակ՝ թեկնածուների առաջադրման ժամանակ անհրաժեշտ չի լինի ստորագրահավաք իրականացնել, քվեաթերթիկները եւ մնացյալ փաստաթղթերը կտեղափոխվեն «ինկասացիոն հատուկ պարկերի միջոցով», ընտրացուցակները կկազմեն ոչ թե Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, այլ «ոստիկանական հատուկ ստորաբաժանումները, այսինքն՝ վիզաների եւ հրավերների բաժինները», քվեարկելուց հետո ընտրողի մատը «կթանաքոտեն» եւ այլ, եւ այլն:

Այս առավելությունները հօդս ցնդեցին քիչ անց՝ «Ժողովրդավարություն» ՀԿ փոխնախագահ Հրայր Թովմասյանի ներկայացրած զեկույցով: Ըստ իրավագետի, օրինակ՝ շատ քիչ քաղաքացիներ, ընտրացուցակում իրենց անունը չգտնելուց հետո, թեկուզ այդ «անմեղ բանի համար» կհամաձայնվեն ոստիկանություն գնալ:

Ստորագրահավաքի վերացումն էլ առավելություն չէ, քանզի դրա փոխարեն «գրավի դրույքային ցենզերն են ավելացել»: Հայաստանում Նախագահի թեկնածուն պետք է տա 20000 դոլարին համարժեք գրավ, մինչդեռ, ըստ Թովմասյանի, օրինակ՝ Ֆրանսիայում նախատեսվում է ընդամենը 1600 եվրո, իսկ Ղազախստանում նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

Ուսումնասիրով ԸՕ փոփոխությունները՝ Հրայր Թովմասյանը հանգել էր տխուր եզրակացության, դրա ընդունումից հետո էլ ոչինչ չի փոխվի: