Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԱՅՍՕՐ ԽՈՍԵՑ

Տնտեսություն

«ԱրմենՏել» հայ-հունական համատեղ ձեռնարկության նոր գլխավոր գործադիր տնօրեն Ֆետսիս Վասիլիոսը այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում վերջապես հանդիպեց լրագրողներին: Ընկերության վարձու ղեկավարը, ով իր խոսքերով փայատեր չէ, կազմակերպության ճակատագիր որոշող չէ, ընդամենը գործադիր տնօրեն է, շռայլ խոսքերով գովեստեց Հայաստանն ու երկրի ղեկավարությանը:

Որքան էլ տարօրինակ է, նա ասաց, թե Հայաստանի կառավարության հետ որեւէ պայքար կամ առճակատում չի եղել, իսկ թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակն անվանեց «գերազանց փաստաթուղթ»:

«Նախքան այս գործարքը, շատ ծանր պարտավորություններ էին նախատեսված «ԱրմենՏելի» համար, որոնք արտահայտված էին դոլարով, եւ դա ընկերությանը զրկում էր ներդրումների առաջնահերթության հարցում կողմնորոշվելուց»,- լիցենզիայի փոփոխմամբ ծանր բեռը թոթափածի զգացումով հայտարարեց Ֆետսիս Վասիլիուսը:

Խոսելով բջջային կապի մենաշնորհից զրկվելու եւ այդ ոլորտ «Ղ-Տելեկոմի» մուտքի մասին, Վասիլիուսն ասաց, որ բջջայինի մրցակցությունը լավ է իրենց համար, ավելի լավ կաշխատեն, եւ հունվարից շատ գրավիչ պայմաններով բոլոր ցանկացողները կարող են ունենալ բջջային հեռախոս: Նա չմասնավորեցրեց, թե ինչ նոր սակագներ կգործեն բաժանորդին «գրավելու» համար:

Իսկ հաջորդ տարի ընկերությունը պատրասվում է 55 մլն. եվրոյի ներդրում կատարել, որի 50%-ից պակասը կուղղվի ֆիքսված հեռախոսակապի թվայնացմանը: Հիշեցնենք, որ միայն մայրաքաղաքում դեռ կան 10 չթվայնացված ԱՀԿ-ներ: «Դրանց թվայնացման համար օդից փող չի իջնելու»,- ասաց Ֆետսիս Վասիլիուսը: Տեղեկացնենք, որ ըստ ընկերության տրամադրած փաստերի, հաջորդ տարվա թվայնացվողների ցանկում են 48, 63, 64 ԱՀԿ-ները, մյուսների` այդ թվում քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող 25 ԱՀԿ-ի թվայնացումը նույնիսկ հաջորդ տարվա ծրագրում չկա:

Ասուլիսում պարոն Վասիլիուսը հետաքրքիր տեսակետ հայտնեց. «Հայաստանի այն բնակավայրերում, որտեղի բնակիչներն աղքատ են, նույնպես կկատարվեն ներդրումներ, քանի որ նույնիսկ աղքատներին հիմնական հեռախոսային կապով ապահովելը մեր պարտքն է»:

Անցյալ տարվա ներդրումների եւ շահույթի վիճակագրությունն, օրինակ, պետք է գոհացնի «ԱրմենՏելին». ծախսել են 25 մլն դոլոր, ստացել` 37 մլն դոլար: Ընկերության նոր ղեկավարը նաեւ զգացմունքային հայտարարություն արեց. «Հարգելու ենք յուրաքանչյուր դոլարը, որը բնակչությունը կմուծի մեր ընկերությանը»:

Նկատենք, որ ազգային դրամի վերջին շարունակական արժեւորումների ֆոնին ընկերությունը պետք է որ բավականին ոգեւորված լինի յուրաքանչյուր դոլարային մուտքի մեխանիկական ավելացմամբ, քանի որ չեն փոխել դրամով արտահայտված սակագները:

Իսկ րոպեավճարի նոր սակագներով, Ֆետսիս Վասիլիուսի բնորոշմամբ, արդարացի խտրականություն է դրվում օրական 10 հազար րոպե խոսող «մերսեդեսավորի» եւ 200 րոպեն չգերազանցող չքավորի միջեւ: «ԱրմենՏելի» ղեկավարին դուր չէր եկել, որ նրանք նախկինում հավասար պայմաններից են օգտվել: Նա նաեւ ընկերության անունից այսօր հայցեց բաժանորդների ներողամտությունը` պատճառած տարբեր անհարմարությունների համար: