Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ԴԵՄ ԳՆԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ

Տնտեսություն

Այսօր ԿԲ նախագահը լրագրողներին փոխանցեց հետաքրքրաշարժ եւ իրարամերժ տվյալներ դրամի հերթական կտրուկ արժեւորման մասին: Դրանց համադրումից պարզ է դառնում, որ իրականում դրամի արժեւորումը ոչ թե բնական շուկայական գործոններով է պայմանավորված, այլ արտաքին միջամտությամբ:

Հիշեցնենք, որ վերջին վարկածը Տիգրան Սարգսյանը միշտ հերքել է: Նա այսօր ասաց. «Արդյո՞ք կհամաձայնի մեր հասարակությունը ունենալ ֆիքսված փոխարժեք, բայց չափազանց բարձր գների մակարդակ»: Դրանով ԿԲ նախագահն ուզում էր ասել, որ շատ ճիշտ եւ հեռահար է Հայաստանի վարած դրամավարկային լողացող քաղաքականությունը:

Այնուհետեւ բանախոսը խոստովանեց. «Բոլորիս համար հասկանալի է, որ եթե դրամը շարունակեր 2004թ. ընթացքում իր արժեզրկումը դոլարի նկատմամբ, ապա գների մակարդակը կլիներ ավելի բարձր: Պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ դրամի արժեւորումը զսպող ազդեցություն է թողել ներմուծվող ապրանքների գների վրա»:

ԿԲ նախագահը չխոսեց արտահանման ծավալների կտրուկ նվազման մասին, սակայն համաձայնեց, որ ազգաբնակչության շրջանում լուրջ դժգոհություններ կան դրամի արժեւորման պայմաններում գների մակարդակի պահպանման կապակցությամբ: «Երբ մենք պլանավորում ենք ապահովել մեր ծրագրային ցուցանիշը, նույնիսկ այս պարագայում կան դժգոհություններ, թե գների մակարդակը չափազանց բարձր է: Մեզ փորձում են դրդել այնպիսի գործողությունների, որոնց հետեւանքով գների աճը կարող է կրկնակի եւ եռակի բարձր լինել, քան մենք ծրագրավորել ենք: Դա անթույլատրելի է եւ անհասկանալի հասարակության համար»,- փոխանցեց երկրի ֆինանսական պատասխանատուն:

Դոլարի վերջին արժեզրկումը ԿԲ նախագահը բացատրեց սեզոնայնությամբ, երբ շատերը իրենց հոգեպահուստները ուղղում են ամանորյա գնումներին: