Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԻ» «ՈՍԿԵ» ՄԱՐԶԱԲԱԶԱՆ

Սպորտ

«Այբ-ֆե» օրաթերթի նյութերից

2003թ. «Ձորաղբյուրի» մարզաբազան «Արարատ» ակումբի հովհանավորները գնել էին եւ պարտավորվել էին մինչեւ 2007թ. 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել: Սակայն «Արարատ» ակումբի արդեն նախկին գործադիր տնօրեն Վազգեն Պետրոսյանը դեռեւս 2004թ. փետրվարին նշեց, որ մարզաբազան պատրաստ կլինի 2005թ. ընթացքում: Ծանոթանալով մարզաբազայի նախագծին` կարելի է ասել, որ ներդրումներից հետո «Արարատը» կունենար միջազգային չափանիշներին համապատասխանող հիանալի մարզական կառույց, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին:

Այսօր սակայն, Ձորաղբյուրում շինանարարական աշխատանքներ չեն իրագործվում. որքան էլ տարօրինակ է մարզաբազայի տարածքում գործում է ոսկերչական մի մասնաճյուղ: «Արարատի» հովհանավորներ Հրաչ Կապրիելյանի եւ Վարդան Սիրմաքեշի Հայաստանում ունեցած ձեռնարկությունների լիազորված անձ Վազգեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոսկերչական արտադրամասի նպատակը գյուղի բնակիչներին աշխատանքով ապահովելն է: Իսկ թե ինչու՞ են մարզաբազայի աշխատանքները դադարեցվել, Պետրոսյանը ասաց. «Նկատի ունենալով «Ձորաղբյուրի» շուրջ ստեղծված լարված մթնոլորտը, մեր ներդրողները հրաժարվում են ներդրումներ կատարել, ոչ միայն «Ձորաղբյուրում», այլեւ առհասարակ: Պատճառը մեկն է. դրսից եկած մեր հայրենակիցների համար չինովնիկները ստեղծում են արհեստական խոչընդոտներ եւ մտածում են իրենց անձնական շահի մասին»:

Պարզվեց նաեւ, որ ոսկերչական արտադրամասում աշխատում են ընդամենը 6-7 հոգի, մինչդեռ մարզաբազան շահագործման հանձնելու դեպքում այնտեղ աշխատաողների թիվը անհամեմատ մեծ կլինի: Վազգեն Պետրոսյանը հայտնեց, որ անկախ ամեն ինչից «Ձորաղբյուրի» մարզաբազան կառուցվելու է եւ խոսք կարող է լինել միայն գործընթացի դանդաղեցման մասին: Նշենք նաեւ, որ եվրոպական ակումբների մարզաբազներում բացի մարզական նշանակություն ունեցող կառույցներից այլ հիմնակարկներ կամ ձեռնարկություններ չկան: Փաստորեն ամբողջ Ձորաղբյուրում այլեւս տարածք չի մնացել մի փոքր մասնաճյուղի համար, որի արդյունքում տուժում է մարզաբազան:

Այժմ դատական պրոցեսներ են ընթանում` կապված պայմանագրի որոշ կետեր չկատարելու հետ: Մասնավորապես պայմանագրում նշված է, որ 2003թ. «Ձորաղբյուրի» նոր սեփականատերերը 400 հազար դոլարի ներդրում պետք է կատարեին, իսկ 2004-ին` 600 հազար: Սակայն մինչ օրս ըստ Վազգեն Պետրոսյանի կատարվել է 275 հազար դոլարի ներդրում, իսկ վերջին ամսվա աշխատանքների կատարման ակտը դեռ չի ստացվել : «Մարզաբազան մեզ պետք է տրամադրվեր 2003թ. հուլիսին, սակայն որոշ չինովնիկների պատճառով այդ գործընթացը ձգձգվեց մինչեւ դեկտեբեր 12-ը, որից 3 օր հետո կադաստրը մեզ պետք է տրամադրեր սեփականության վկայականը: Սակայն այն տրվեց մեզ հունվարի 20-ին, որի պատճառով 2003թ. ներդրումներ չկարողացանք կատարել»: Տարօրինակ էր նաեւ այն հանգամանքը, որ Վազգեն Պետրոսյանը ընդհանրապես տեղյակ չէր սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից դատախազություն ներկայացված հայցին: «Արարատի» հովհանավորները գնել եւ դատարանի միջոցով հաստատել էին «Ձորաղբյուրին» պատկանող 30 հա հողատարածքը, որի մասին տեղեկանալով էլ Իշխան Զաքարյանը հայց է ներկայացրել: «Բացարձակապես տեղյակ չեմ, թե Իշխան Զաքարյանը ներկայացրել է հայց թե, ոչ: Դատախազությունից էլ ինձ չեն կանչել»: Ցավոք, Զաքարյանը արձակուրդում է, եւ նրան հանդիպել չկարողացանք:

ԱՐԹՈՒՐ ՆԱԶԱՐՅԱՆ