Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՈ՞Ւ ՉԿԱՅԱՑԱՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՄԵՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Քաղաքականություն

«Այբ-ֆե» օրաթերթի նյութերից

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց չի եղել, եղել է նրան զրույցի մեջ ներքաշելու 3 փորձ, 3-ն էլ, ի դեպ, հաջողված:

Եվ 3 դեպքում էլ լրագրողները փորձել են Տեր-Պետրոսյանից ստանալ ոչ թե իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը, այլ փորձել են պարզապես էքսկլյուզիվության տեսանկյունից խոսք քաշել նրանից: Եվ մենք բավականին ուշ հասկացանք, որ խոսք քաշելու կարիք չկա, Տեր-Պետրոսյանն այնքան պատրաստակամ, անկաշկանդ ու անմիջական էր պատասխանում մեր հարցերին, որ որոշ հարցերի պատասխանում էր մտքում եկած առաջին նախադասությամբ: Եթե նույնիսկ մենք նրան հարցեր ենք տվել, նա պատասխանել է զրույցի եւ ոչ թե հարցազրույցի օբյեկտի ոգով: Սակայն այստեղ ի՞նչն է հետաքրքիր: Բոլոր լրագրողներն էլ միայն ամողջ զրույցից հետո հասկացան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, ի սկզբանե պատրաստ էր պատասխանել մեր ցանկացած հարցին: Նա պատրաստ էր հարցազրույց տալ: Սակայն լրատվամիջոցների հանդեպ այն զսպվածությունը, որ նա ցուցաբերել էր անցած գրեթե 7 տարիներին, բոլորին վարժեցրել էր դրան: Լրագրողներն օդանավակայան էին եկել չմտածելով, որ նա կխոսի, նրանք եկել էին մտածելով, որ «վայ թե մի բան ասի»: Նույնիսկ երբ Տեր-Պետրոսյանն անկաշկանդ սկսեց պատասխանել «Ազատության», «Այբ-Ֆե»-ի, «Հայկական Ժամանակի», «Առավոտի», «168 ժամ»-ի հարցերին, միեւնույն է, բոլորը, ասես էլեկտրահարված այն զգացումից, որ խոսում է նա, ով չի խոսել, տալիս էին իրենց մտքում եկած առաջին հարցը` ի՞նչ կմաղթեք Ուկրաինայի ժողովրդին (այս հարցը տրվեց նրան շփման մեջ ներքաշելու 2-րդ փորձի սկզբում, առաջին փորձի առաջին հարցն էր` ինչպե՞ս անցավ զբոսանքը ԱՄՆ-ում, որին Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Շնորհակալություն, լավ հարց էր»):

Տեր-Պետրոսյանի հետ լրատվամիջոցների ողջ շփումը եղել է հրաժարականի պահին առաջացած հարցերի շրջանակում` ինչու՞ Հայաստան բերեց Ռոբերտ Քոչարյանին, պատերազմի վտանգ տեսնու՞մ է, քաղաքականություն վերադառնալու՞ է: Հրաժարականի պահից այս կողմ երկու հարց է հնչել` հիմա դուք եք լավ ապրու՞մ, թե՞ Սերգո ջանը, ինչպես նաեւ` հոկտեմբերի 27-ը որքանո՞վ խանգարեց երկրի զարգացմանը: Եղավ նաեւ հարց անցած 6 տարիները գնահատելու մասին: Սակայն փաստն այն է, որ հրաժարականից հետո եղել է, ասենք, Մեղրիի հարց, Վազգեն Սարգսյանի անձը գնահատելու հարց, 2003-ի իշխանափոխությունը ձախողելու հարց, 2003-ի նախագահի 2-րդ փուլի ընտրություններում ու՞մ օգտին է քվեարկել ինքը` Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Ստեփան Դեմիրճյանի, հազար ու մի հարց կար: Այսպիսով, ինչու՞ ՀՀ առաջին նախագահին չի տրվել տարածաշրջանային ներկա զարգացումներին, ՀՀ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր, որոնց, իմ խորին համոզմամբ, Տեր-Պետրոսյանը կպատասխաներ: Բանն այն է, որ բոլոր լրագրողներն էլ, նույնիսկ այն պահին, երբ տեսան, որ Տեր-Պետրոսյանը խոսեց, մտածում էին, որ դա արդեն բավարար է, նրանք առաջին նախագահի բերանից խոսք էին պոկում նույն պահին բավարարված լինելու զգացումով, չէ՞ որ մարդը չի խոսել 6 տարի, եւ ինչ էլ ասի, հետաքրքիր է եւ սպասվածից ավելին: Ամեն հարցից հետո լրագրողները մտածում էին, որ դա վերջին հարցն է, որին պատասխանում է Տեր-Պետրոսյանը: Ահա ինչու, լրագրողներին թվաց, որ իրենք հարցազրույց են վերցրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից: ՀՀ առաջին նախագահի հետ ոտքի վրա անցկացրած այս զրույցը նպաստում էր երկկողմանի անկաշկանդվածությանը, բայց այն այդպես էլ ոչ մի հարցի պատասխան չտվեց մի պարզ պատճառով, որ ըստ էության ոչ մի հարց չտրվեց:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանին երրորդ փորձով հարցազրույցի մեջ ներքաշելու հարցն էլ այն էր, թե քանի՞ ստորագրություն է նրան պետք կրկին Հայաստանի նախագահ լինելու համար` 2 միլիո՞ն: «Վատ չէ»,-ասաց Տեր-Պետրոսյանը: Հետո դիմելով «168 ժամ» թերթի եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներին, շարունակեց կատակն ավելի խորացնելով. «50 հազար դու ես հավաքում, 50 հազար էլ դու... Կգամ կասեմ, ես չեմ գալիս, Մհերն ա գալիս»: Ահա այս նախադասությամբ էլ ավարտվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մեր զրույցը:

ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ