Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ԴԱՇԻ՞ՆՔ Է ՁԵՒԱՎՈՐՎՈՒՄ

Քաղաքականություն

«Այբ-ֆե» օրաթերթի նյութերից

Վերջերս ԱԻՄ-ը, ԱԺՆ-ն ու Սոցիալիստական ուժերի միությունը ստորագրեցին մի հայտարարություն, որով դատապարտեցին ՀՀ արտաքին քաղաքական ուղեգիծը եւ արձանագրեցին այդ ուղեգծի շարունակության վտանգավորությունը: Արդյո՞ք այս եռյակը համակարծիք է նաեւ այլ հարցերում եւ հնարավո՞ր է, որ այս համագործակցությունը վերաճի ասենք դաշինքի: Մեր հարցերին պատասխանում է ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ:

-Մենք ամենակարեւոր հարցում եկել ենք համաձայնության, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման, իրականացման եւ մանավանդ հսկողության մեխանիզմներ այսօր չկան: Մեր հիմնական մտահոգությունները նշված են փաստաթղթում: Իհարկե հնարավոր է, որ այս հայտարարությունը այլ որակ ստանա, բայց այդպիսի խնդիր այս պահին չի դրված, որովհետեւ մենք որոշ տարաձայնություններ էլ ունենք. խոսքը ոչ թե միասնական արտաքին քաղաքականության մասին է, այլ միասնական արտաքին քաղաքականություն մշակելու, այն վերահսկելու մեխանիզմների բացակայության մասին: Այսինքն, սա ժողովրդավարական պետությանը բնորոշ արտաքին քաղաքականություն չի: Մի քանի տղերք հավաքվել են. այսօր այսպես են մտածում, վաղը այլ կերպ:

-Իսկ դուք համակարծիք եք միայն արտաքի՞ն քաղաքականության մասին դատողություններում, թե նաեւ այլ հարցերում:

-Մենք մեր հայտարարության մեջ արտաքին քաղաքականությունը ի վերջո բխեցրել ենք ներքին քաղաքականությունից ու իշխանությունների ուղղակի բացակայությունից: Երբ ասում ես իշխանափոխություն, կարծես ընդունում ես, որ սա իշխանություն է: Այնինչ, անօրինական իշխանությունը արդեն իշխանություն չի: Ուրեմն այդ հարցերում մենք ելակետ ունենք, որ արտաքին քաղաքականության ճգնաժամը, կամ ձախողումները նախեւառաջ բխում են ներքին քաղաքականության արտառոցություններից: Բայց առայժմ այդ շեշտադրումը չենք արել, պայմանավորված լինելով խուսափել հանրահաճո թվացող ձեւակերպումներից: Բայց մեզ ընդհանուր հայտարարի բերողը դա է:

- Պարոն Հայրիկյան, նման կերպ մտածում է «Արդարություն» դաշինքը, «Ազգային Միաբանությունը», նաեւ ՀՀՇ-ն: Այդ հայտարրությունը բա՞ց է եւ հնարավո՞ր է, որ այս համագործակցությունը ընդլայնվի:

- Բացառված չի, չնայած հայտարարությունը մենք մեզ համար էինք կազմել, որպես զուտ աշխատանքային փաստաթուղթ, եւ այնքան էլ տրամադրված չէինք այն դուրս հանելու: Բայց որ տեսանք մեծ հետաքրքրությունը քաղաքական ուժերի կողմից, նաեւ հանրության, այս երկու օրը այդ հարցը կքննարկենք ` ֆորմատը բացելու-չբացելու մասին: Հայտարարությունը ստորագրած երեք հոգուց բացի բավական մեծ թվով լուրջ մասնագետներ են աշխատել եւ նրանք պատրաստակամություն են հայտնել աշխատել մեզ հետ: Չի բացառվում, ինչու չէ, կարելի է ստեղծել քաղաքական խորհուրդ:

- Որտեղ ընդգրկված կլինեն նաեւ վերը թվարկված կազմակերպությունների՞ անդամները:

- Բոլոր նրանք, ովքեր այդ մոտեցումները կիսում են:

- Եվ դուք չեք վախենում ՀՀՇ-ի եւ մյուս «ականջների՞ց»:

- Ականջներից սովորաբար վախենում է նա, ով ականջների հետ կապված դառը պատմություններ ունի:

Զրուցեց ԴԻԱՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ