Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՁԱԽՈՂՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Քաղաքականություն

Ինչո՞ւ Վրաստանում հաջողվեց իրականացնել վարդերի հեղափոխություն, Ուկրաինայի ընդդիմությանը հաջողվեց հասնել որոշակի հաջողությունների, իսկ Հայաստանում՝ ոչ: Այս հարցի պատասխանն այսօր փորձեցին տալ ՄԱԱ հյուրերը:

Ըստ Ալբերտ Բազեյանի, պատճառն այն էր, որ եւ Վրաստանում, եւ Ուկրաինայում ուժային կառույցները չեզոքություն էին պահում, իսկ Հայաստանի ՊՆ կոլեգիան ընդդիմության գործունեությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ: Պաշտպանության նախարարը ոչ միայն չեզոք չէր, այլեւ ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանի շտաբը: Հեռուստատեսությունները ազատ չէին, եւ ի տարբերություն Վրաստանի եւ Ուկրաինայի, հայկական ընդդիմությունը չկարողացավ միասնական թեկնածուի շուրջ գալ ընդհանուր հայտարարի: Սա էր հայկական իշխանափոխության ձախողման բազեյանական պատճառաբանությունը: Ի դեպ, նա նաեւ նկատեց, որ արնահեղության գնալու պատրաստ չէր ոչ ժողովուրդը, ոչ ընդդիմության լիդերները:

ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանի կարծիքով, իրավիճակներն այնքան էլ տարբեր չեն. «Ուկրաինացիներն էլ գնացին մեր ճանապարհով. նրանք էլ հիմա դիմել են Գերագույն դատարան, ինչպես մենք էինք դիմել Սահմանադրական դատարան, ուղղակի նրանք ավելի օրինապաշտ են եւ կկատարեն դատարանի որոշումը»:

Իսկ ինչու հեղափոխական իրավիճակը ընդդիմության լիդերը՝ Ստեփան Դեմիրճյանը, չկարողացավ ավարտվել հեղափոխությամբ: Լրագրողներից մեկի այս հարցին Ռուզան Խաչատրյանը պատասխանեց հարցով. «Իսկ ձեզ թվում է, թե մեկ հոգով հնարավոր է հեղափոխություն իրականացնել»: Ապա նաեւ ավելացրեց, որ Վրաստանում եւ Ուկրաինայում ընդդիմադիր թեկնածուների միջեւ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները պահվել են, իսկ Հայաստանում՝ ոչ: Իշխանափոխության ձախողման հիմնական մեղավոր, փաստորեն, Ռուզան Խաչատրյանը համարեց Արտաշես Գեղամյանին:

Իսկ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Կարապետ Հակոբյանի կարծիքով, հեղափոխությունը, եթե հասունացել է, կարեւոր չէ, թե ով է առաջնորդում, այն կիրականանա: Նշանակում է այն ժամանակ հասարակական պահանջը այնքան էլ բավարար չէր: