Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԼԻՆԻ

Քաղաքականություն

Հայաստանի ամենահեղափոխական կուսակցությունը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը այսօր հրաժարվեց մասնակցել «Հեղափոխությունները 21-րդ դարում» թեմայով ՄԱԱ կազմակերպած քննարկմանը:

Ընդհանրապես, շատերն էին խուսափել այս քննարկմանը մասնակցելուց. ներկա էին միայն «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանը եւ «Ժողովրդական կուսակցության» քաղխորհրդի անդամ Կարապետ Հակոբյանը: Ներկաները քննարկում էին, արդյո՞ք հայ ժողովուրդը հեղափոխական է իր տեսակով, թե՝ ոչ:

Գերակշռող տեսակետն այն էր, որ հայ ժողովուրդը հեղափոխական չէ, որի բավակնին ինքնատիպ բացատրությունը տվեց ՄԱԱ անդամ Նարինե Դիլբարյանը. «Դա գալիս է մեր ժողովրդական ասացվածքից՝ «Աստված էլ բեթարից ազատի»: Հենց այս մտավախությունն է ժողովրդին ետ պահում կտրուկ փոփոխություններից»:

Ինչեւէ: Պետրոս Մաքեյանի գնահատմամբ այսօր երկրում հեղափոխական իրավիճակ է, եւ այդպես է 2003 թվականից ի վեր: Այս տեսակետը չեն կիսում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները, որոնց գնահատմամբ թեեւ ժողովուրդը չի համակերպվել անարդարությունների հետ, եւ մինչեւ իր ուզածին չհասնի չի հանգստանա, բայց այս պահին հեղափոխության համար անհրաժեշտ մթնոլորտ չկա:

Որքան էլ փորձ արվեց խուսափել ապրիլյան թեմայից, այնուամենայնիվ, հեղափոխականության դրսեւորման լավագույն օրինակը ապրիլի 12-ն էր: Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ մարդկային կյանքն իրենց համար ամենաթանկ արժեքն է եւ իրենք ունեին տեղեկատվություն, որ փշալարն անցնելու դեպքում իշխանությունը գնալու է ուժային մեթոդների:

Իսկ տարածված այն կարծիքը, թե «կոլցո» օպերացիան իրականացավ, որովհետեւ հեղափոխական տրամադրություն չկար, Բազեյանը ասաց. «1500-2000 հոգով հնարավոր չէր իրականացնել այն, ինչ հնարավոր կլիներ անել 20 հազարի դեպքում»:

Իսկ Ռուզան Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ նույնիսկ 100 հազարի դեպքում իշխանությունը կգնար ուժային լուծման. պարզապես այն դեպքում ուրիշ զենք կգործադրվեր, իր ծանր հետեւանքներով հանդերձ:

Այս ամենից հետո Ռուզան Խաչատրյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանում արյունոտ հեղափոխություն չի լինի, քաղաքացիական պատերազմ չի լինի, որովհետեւ եղբայրը եղբոր վրա չի կրակի:

Ասել է, թե Հայաստանում հեղափոխություն ընդհանրապես չի լինի, որովհետեւ Ռ. Խաչատրյանի գնահատմամբ երկու կողմերից մեկը՝ առավել բարոյականը, միշտ հետ կկանգնի այն քայլից, որը արյունոտ հետեւանքով է հղի: Առայժմ հետ կանգնողը ընդդիմությունն է: