Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՒԺԿՈՎՆ ՈՒ ԿՈԲԶՈՆԸ ՄԻ ԱՆԳԱՄ ԷԼ ԷԻՆ ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Քաղաքականություն

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը եւ երգիչ Իոսիֆ Կոբզոնը վերջին երկու տարում Հայաստան են ժամանում երկրորդ անգամ. առաջինը եղել է նախագահի հերթական ընտրություններից առաջ:

Այսօր առավոտյան Մոսկվայի եւ Երեւանի քաղաքագլուխները քաղաքապետարանի նոր շենքում ստորագրեցին 2005-2007 թվականների համագործակցության ծրագիր: Այդ ժամանակահատվածում նախատեսվում է նաեւ Երեւանում կառուցել Մոսկվայի տուն եւ խոշոր մեծածախ առեւտրի կետ:

Փաստաթղթի ստորագրումից հետո Յուրի Լուժկովն ասաց, որ համագործակցության շրջանակներում հնարավոր կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրային շրջանառությունը մեծացնել հինգ անգամ: «Ընդ որում՝ ես կարող եմ սխալվել, սակայն աճի համեստ գնահատական նշելու առումով»,- ասաց Մոսկվայի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Զվարթնոց օդանավակայանում երեկ նա հայտարարեց, որ իր նախորդ Երեւանյան այցից հետո երկու երկրների առեւտրային շրջանառությունը կրկնապատկվել է:

Խոսելով Աջարիայի նախկին նախագահ Ասլան Աբաշիձեի՝ Մոսկվայում ապաստանելու մասին, այնտեղի քաղաքապետն ասաց. «Աբաշիձեն իմ ընկերն է: Նա Մոսկվայում ապրում է, աշխատում, ես կարծում եմ, նրա նկատմամբ կատարածը քաղաքական անկուլտուրականություն էր Սահակաշվիլիի կողմից, եւ այս վիճակը Աջարիայում շատ երկար չի տեւի, նա մի օր կվերադառնա իր երկիր»:

Յուրի Լուժկովի եւ Իոսիֆ Կոբզոնի նախորդ այցը հայաստանյան շատ գործիչներ պայմանավորեցին նախագահական ընտրությունների նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրություններով: Այս այցը համընկավ ուկրաինական շարժմանն ու տեղի «նարնջագույնների» հավանական հաղթանակին, ինչը Ռուսաստանի համար անցանկալի սցենար է:

Թեմայի վերաբերյալ Մոսկվայի ղեկավարից մանրամասներ ճշտել մեզ չհաջողվեց, սակայն միջոցառմանը մասնակցող Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը կտրականապես հերքեց Լուժկով-Կոբզոն զույգի հերթական այցի քաղաքական ենթատեքստը, ասելով, որ նրանք ընդամենը լավ ընկերներ են: Այդ դեպքում, ինչո՞վ է Երեւանում զբաղված Կոբզոնը, նա Լուժկովի պաշտոնական այցերի շրջանակներում չկա,- փորձեցինք ճշտել դեսպանից: Նա պատասխանեց բավականին խորհրդավոր. «Այդ մասին դուք դեռ կիմանաք»: Իսկ ունի՞ նա Երեւանում տնտեսական հետաքրքրություններ. «Այ, այդ մեկը ոչ մի տեղ մի փնտրեք»,- ժպիտով եզրափակեց Անատոլի Դրյուկովը:

Հիշեցնենք, որ «Դվին» հյուրանոցի նախկին վարձակալի՝ Մոսկվայում սպանությունը եւ կառավարության որոշմամբ հյուրանոցի վաճառքը կապվում էր կառույցը Իոսիֆ Կոբզոնի սեփականությանը փոխանցելու վարկածի հետ: Հյուրանոցի սեփականատերն է «Կովկասյան կոմունիկացիաների խումբ» անհայտ ծագումով ընկերությունը: