Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԳՈՎՈՒՄ Է ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Տնտեսություն

Այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Մաքյուն, մեր երկրի տնտեսական պատասխանատուների հետ, ազդարարեցին Հայաստանին 105,3մլն դոլարանոց եռամյա վարկի տրամադրման ավարտը: Գումարը հատկացվել է աղքատության հաղթահարման եւ տնտեսական աճի (ԱՀՏԱ) եռամյա ծրագրի շրջանակներում, որի վերջին՝ 6-րդ փուլով Հայաստանին տրամադրվելու է 13,7մլն դոլար:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված ասուլիսին հայկական կողմից ներկա էին Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը:

Ելույթում ԱՄՀ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Մաքյուն կարեւորեց, որ վարկի տրամադրման սկզբից՝ 2001թ-ից զգալի ֆինանսական կարգուկանոն է հաստատվել վարկառու Հայաստանում, բարելավվել է էներգետիկ հատվածը, հաղթահարվել է բանկային ճգնաժամը, աղքատության ցուցանիշները նվազել են, ժողովրդի կենսամակարդակը բարձրացել է: Նա նշեց, որ տարիներ առաջ այս պատկերի հակապատկերն էր՝ կար բանկային ճգնաժամ եւ ֆինանսական անկանոնություն:

Բոլոր նվաճումների համար ԱՄՀ ներկայացուցիչը, սակայն, շնորհակալություն հայտնեց ոչ թե հիմնադրամի տնօրենների խորհրդի անունից, այլ հատուկ շեշտեց. «Անձնական մակարդակով»: Դրան հակառակ, ՀՀ նախագահի ներկայացուցիչը փոխադարձ երախտագիտություն հայտնեց նախագահի անունից, Վարդան Խաչատրյանը՝ կառավարության, Տիգրան Սարգսյանը՝ Կենտրոնական բանկի: Իր պահվածքը Ջեյմս Մաքյուն չբացատրեց՝ նույնիսկ հետեւյալ պարզաբանող հարցից հետո. «Տնօրենների խորհուրդը շնորհակալ չէ, միայն Դու՞ք եք անձամբ շնորհակալ»:

Ֆինանսների նախարարը այսօր հայտնեց նաեւ, թե Հայաստանի իշխանությունները կայացրել են քաղաքական որոշում՝ ԱՄՀ-ից եռամյա ծրագրով նոր վարկ խնդրելու համար: Վարդան Խաչատրյանը չկանխորոշեց, թե վարկը ինչ չափով եւ պայմաններով կլինի: Նա ասաց, որ վարկը կարող է նույնիսկ զուտ խորհրդատվական լինել: