Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՍԿ ՆՈՐ ՏԱՐՈՒՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ԱՀԱԲԵԿԵ՞Լ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Քաղաքականություն

«Նոր տարուց առաջ պետք չէ ահաբեկել ժողովրդին պատերազմի եւ այլ նման զարգացումների վտանգներով»,- անդրադառնալով ԼՂ կոնֆլիկտի շուրջ առաջացած վերջին զարգացումներին այսօր հայտարարեց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Վերջինիս տպավորությամբ ԼՂ հարցում առայժմ չի ստեղծվել այնպիսի վիճակ, որն առիթ տա լարվածության: Ըստ նրա, չկա նաեւ անհանգստանալու առիթ: Անդրադառնալով հունվարին ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկման դրվելիք Աթկինսոնի հանրահայտ զեկույցին, Գալուստ Սահակյանը նշեց, որ մինչ այդ Հայաստանը պետք է աշխատի միջազգային կառույցների, տարբեր երկրների հետ, «որպեսզի այս քաղաքական խաղերը Հայաստանին չվնասեն»:

Իսկ ինչպես է ՀՀԿ-ի առաջնորդներից մեկը վերաբերվում կոալիցիոն գործընկեր, դաշնակցական Լեւոն Մկրտչյանի այն առաջարկին, որ պետք չէ մեկնել Ստասբուրգ, եւ, ընդհանրապես, երկիրը լավ կանի, եթե բոյկոտի ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստը: «Մենք կողմնակից ենք ցիվիլ գործընթացներին ավելի շատ»,- ասաց պարոն Սահակյանը:

Իսկ կոալիցիայի ներսում առաջացած տարաձայնությունների մասին ի՞նչ կասի «ցիվիլ գործընթացների» ջատագովը. «Լարված իրավիճակ չկա»: