Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «30% ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԱՐԴԵՆ ԿԱՏԱՍՏՐՈՖԱ Է»

Տնտեսություն

Հայաստանում առկա է պաշտոնական տվյալներով 30 տոկոս կոռուպցիա, իսկ Ազգային Ժողովի անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ եւ հակակոռուպցիոն ծրագրերի հեղինակ Վահան Հովհաննիսյանը չունի երկրում կոռուպցիայի ոչ մի օրինակ:

Այսօր «Հակաստվեր» կազմակերպության հյուրը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ է մտածում այդ 30 տոկոսի մասին. "Կարող է մի քիչ փոքրացրած է, կարող է 40 է, բայց եթե 50-ը անցավ, ուրեմն երկիրը գոյություն չունի քարտեզի վրա":

Կոռուպցիայի ոչ մի օրինակ չունեցող պատգամավորը գերազանց գիտի, թե որ ոլորտներում են առկա կոռուպցիոն երեւույթները եւ հատկապես որ նախարարությունը պետք է պայքարի այդ արատավոր երեւույթի դեմ. "Ամենավերին մակարդակով կոռուպցիոն գործարքների, այսինքն, սիստեմավորված կոռուպցիայի դեմ պետք է պայքարի անվտանգության նախարարությունը: Իրենք կոռուպցիայի մեջ այն չափով թաղված չեն, քան ուրիշ հիմնարկությունների աշխատակիցները այդ նույն իրավապահ ոլորտից, ասվածս, ցավոք սրտի վերաբերվում է նաեւ դատարաններին":

Ըստ Վահան Հովհաննիսյանի, 1998 թվականից այս կողմ երկրում ավելացել են կոռուպցիայի դրսեւորումները, սակայն դրանք դարձել են նաեւ ավելի նկատելի: Սա նվաճում է եւ այդ նվաճումը բացատրվում է այսպես. " Տնտեսությունը սկսել է եթե ոչ վերելքի, ապա վերակենդանացման նշաններ ցույց տալ, բնականաբար այս ոլորտներում կոռուպցիան եւ ավելացել է եւ ավելի երեւացող է դարձել":