Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐՈՏԱԲԱՂՁՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականություն

«1920թ. նոյեմբերի 29-ը Հայաստանը դարձրեց աշխարհի լավագույն երկրներից մեկը»,- այսպես է բացատրում Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման նշանակությունը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Նրա գնահատմամբ, Հայաստանի 5000 տարվա պատմության մեջ սովետական 70 տարիները կմնան լավագույնը. «Այն տարիները, որ ժողովուրդը հանգստացել է, ինչպես ցանկացել է, բուժվել է, ինչպես ցանկացել է, ունեցել է աշխատանք, խնայողություններ, հիանալի երիտասարդություն: Սովետական Հայաստանի հաջողություններն այնքան մեծ են, որ ես դժվարանում եմ թվարկել»:

Այնուամենայնիվ թվարկում է. «Հայաստանում 1920-ական թվականներին արդյունաբերությունը զրոյական էր, սովետական տարիներին աշխարհի 155 երկրներ արտահանվում էր հայկական արտադրանքը: Սովետական տարիներին երկիրը ծածկվեց համայն գրագիտությամբ: 1640 դպրոցներում սովորում էին 100000 պատանիներ ու աղջիկներ: Սովետական տարիներին մարդը ստանում էր անվճար բնակարան, իսկ այսօր Երեւան քաղաքում մեկ քառակուսի մետրի արժեքը մոտեցել է 1000 դոլարի սահմանագծին: 35000-ոց մայրաքաղաքը դարձավ միլիոնուկես, 750000-ոց հանրապետությունը` 4մլն»:

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի ասելով, կոմունիստների կառուցածն ավիրվել ու ավիրվում է, օրինակ`իրենց շենացրած մայրաքաղաքը բզկտվում է` «այսօրվա փտած, շարունակվելու բարոյական իրավունք չունեցող համակարգի պատճառով»: Ընկեր Թովմասյանը համարում է, որ Խորհրդային Միությունը նախեւառաջ փլուզվեց վերնախավի դավաճանության հետեւանքով` Գորբաչով, Յակովլեւ, Շեւարդնաձե: Ըստ նրա, այսօր բոլորն արդեն հասկանում են` «ինչ են կորցրել»:

«Այ, տեսեք, ինչ է կատարվում ամբողջ երկրում, ամբողջ աշխարհում: Տեսեք, ինչ է կատարվում Ուկրաինայում, Աբխազիայում: Սովետական տարիներին պետականությունը այնքան բարձր մակարդակի էր, որ այս տիպի հարցեր չէին լինում»,- ասաց նա:

Ի դեպ, Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 84-ամյակը Հայկոմկուսն այսօր չի նշելու, ավելի ճիշտ նշելու են ավելի նեղ շրջանակներում: Այս հոբելյանը նրանք նշել են երեկ, կիրակի օրը: Կենտրոնական կոմիտեի, քաղաքային կոմիտեների բյուրոները առավոտյան այցելել եւ ծաղկեպսակներ են դրել Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Մայիսյան ապստամբության զոհերի հիշատակի հուշարձաններին: Ապա տեղի է ունեցել հանդիսավոր նիստ` նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման տարեդարձին: