Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղարաբաղի հարց գոյություն չունի՞

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Մինչ միջազգային կառույցները ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկներ են մշակում եւ փորձում մատուցել բանակցող կողմերին, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը «Այբ-Ֆե»-ին տեղեկացնում է, որ, ըստ էության Ղարաբաղի հարց գոյություն չունի:

- ԼՂ հիմնախնդիրն այնքան կարգավորված է, որ մեզ համար նման խնդիր գոյություն չունի: ԼՂ հիմնախնդիրը Ադրբեջանի համար է խնդիր: Այսօր Ղարաբաղում ապրում են հայեր եւ անցկացնում են հեռուսամարաթոն ոչ թե զենք-զինամթերք գնելու, այլ՝ ճանապարհները բարելավելու համար:

- Մենք ողջունում ենք Ձեր տեսակետը, սակայն դրանից ԼՂ հիմնախնդիրը չի վերանում: Չեք գտնում, որ ԼՂ հարցի վերաբերյալ միջազգային կառույցների կողմից ընդունված վերջին փաստաթղթերը վկայում են այն մասին, որ քարոզչության դաշտում մենք պարտվում ենք Ադրբեջանին:

- Ես շատ լավ եմ ճանաչում Դեյվիդ Աթկինսոնիn: 1992-93թթ.ին նա մի քանի անգամ Քերոլայն Քոքսի հետ այցելել է Ղարաբաղ: Այն ժամանակ Աթկինսոնն այլ կերպ էր մտածում: ԵԽ քաղաքական հանձնաժողովում ԼՂ հարցով զեկույցը որեւէ կապ չունի նրա տեսակետների հետ: Համոզված եմ, որ ադրբեջանցիներն ու թուրքերը նրա հետ լուրջ աշխատանք են տարել: Ցավում եմ, որ հայկական կողմից որեւէ մեկը չի աշխատում Աթկինսոնի հետ:

- ՄԱԿ-ի օրակարգում ազատագրված տարածքների հարցի ընդգրկումն ինչպե՞ս եք գնահատում:

- ԼՂ հիմնախնդիրը ՄԱԿ-ի գործը չէ: Հարցը օրակարգ է ընդգրկվել թվաբանության արդյունքում՝ իսլամական պետությունների կողմից: Բոլոր դեպքերում, դա մեզ համար շատ ցավալի է եւ այնտեղ էլ լուրջ անելիքներ ունենք: Եթե ինֆորմացիոն պատերազմում մեզ պահեինք այնպես, ինչպես բանակը՝ ազատամարտում, այսօր մեր վիճակն այլ կլիներ:

- Միջազգային կառույցենրի կողմից ընդունված ոչ հայանպատս փաստաթղթերը գործնականում ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա:

- Ազդեցությունները տարաբնույթ կարող են լինել: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Նշեմ Իլհամ Ալիեւի այն ցինիկ արտահայտությունը, թե եթե Ղարաբաղում բանակ չլիներ, նրանք մեր հարցերը շատ արագ կլուծեին: Պետք է Ալիեւին հիշեցնել, որ իր հոր ժամանակ Ղարաբաղում բանակ չկար, երբ մենք հաղթանակ տարանք: Նրանք մոռացել են, որ Ղարաբաղի բանակը՝ Ստեփանակերտի 366-րդ գունդն իրենց էր պատկանում եւ ամբողջ զենք-զինամթերքը Աղդամում էր, սակայն ադրբեջանցիները պարտվեցին: Մենք չպետք է մոռանանք, թե ինչպես ենք մեզ պահել 1992-94թթ-ին: Ղարաբաղն, որն այսօր բագավաճում է, որտեղ թուրք չկա, որտեղ բնակչության 98 տոկոսը հայեր են, այդպես էլ պետք է մնա, եթե Ադրբեջանցիները չեն ուզում, որ պատերազմ լինի: Մեր ազատագրած շրջանները, որոնք Ադրբեջանցիներն օկուպացված են անվանում, մենք չենք բնակցնում, սակայն դրանք մեր անվտանգության գոտիներն են, այնտեղ հայ զինվորը պետք է լինի: Հակառակ դեպքում, բոլոր կրակակետերը կվերականգնվեն եւ հայակական բնկավայրերը նորից թիրախ կդառնան:

- Թե միջնորդները, թե միջազգային կառույցեները պնդում են, որ առանց փոխզիջումների ԼՂ հիմնխնդիրը չի կարգավորվի: Այսօր ղարաբաղցու համար ի՞նչը կարող է փոխզիջում լինել:

- Զրոն: Ոչինչ չի կարելի տալ, որովհետեւ ցանկացած փոխզիջում Ղարաբաղի համար կրակակետ է դառնալու: Զրո եւ վերջ:

Զրուցեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ