Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՄԻԱՅՆ ՀՀ ՇԱՀԵՐԻՑ

Քաղաքականություն

«Վստա՞հ եք, որ Վիկտոր Յանուկովիչը ընտրվել է»,- Ա1+-ի հարցից Ռոբերտ Քոչարյանը նախ զարմացավ. «Չհասկացա, ի՞նչ է նշանակում՝ վստահ եք, որ ընտրվել է», -ապա երբ հիշեցրինք, որ ի տարբերություն օրինակ մեր հարեւան հանրապետությունների նախագահների, ինքը շտապել է շնորհավորել, Ռոբերտ Քոչարյանը ասաց. «Մենք ամբողջ նախընտրական ժամանակաշրջանում որեւէ ձեւով մեր մոտեցումները չենք արտահայտել, որեւէ նախապատվություն մենք չենք ունեցել, ես անձամբ չեմ ունեցել: Ընտրվեր Յուշչենկոն, նույնպես ՑԻԿ-ի /ԿԸՀ-ն՝ ռուսերեն/ հայտարարությունից հետո կշնորհավորեի Յուշչենկոյին: Ընտրվեց Յանուկովիչը՝ շնորհավորեցինք իրեն: Մեկ բան է մեզ պետք, որ Ուկրաինայում, որը մեր լուրջ գործընկերն է, փոխադրումների առումով եւս շատ կարեւոր է մեր երկրի համար, եւ ինչքան արագ կրքերը հանգստանան Ուկրաինայում, այնքան ձեռնտու է մեզ: Ինչ որ արվել է, արվել է ՀՀ շահերից, եւ այստեղ ինչ-որ բաներ մի փնտրեք: Ինձ համար ի՞նչ տարբերություն, որեւէ տարբերություն ինձ համար գոյություն չունի, ուղղակի արել ենք այն, ինչ պետք է անեինք, զուտ պրագմատիզմի իմաստով»:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանին հիշեցնելիս, որ հարեւան հանրապետությունների նախագահները դեռեւս չեն շնորհավորել Յանուկովիչին, Ա1+-ի լրագրողը լեզվի սայթաքում թույլ տվեց եւ Սահակաշվիլու փոխարեն Շեւարդնաձե ասաց. ինչին արագ արձագանքեց ՀՀ գործող նախագահը. «Ա1+-ը` փակման պահին, այսպես, սառեցվել է այն ժամանակվա քաղաքական գործիչների վրա...»:

Ավելացնենք նաեւ, որ վերջին 2,8 տարվա ընթացքում, այսինքն «Ա1+»-ի եթերազրկումից հետո, սա առաջին դեպքն էր, երբ Նախագահի մամուլի ծառայությունից զանգահարել եւ հավատարամագրել են «Ա1+»-ի լրագրողին: