Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՆԻ՞ ԱՐԾԱԹՈՎ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԾԱԽԵԼՈՒ ԼՂ-Ն

Քաղաքականություն

«Ղարաբաղյան հիմնահարցն այնքան է քաղաքականացված, որ մտել է փակուղի»,-այսօր Ժուռնալիստների տանը ԼՂ հիմնահարցին նվիրված քննարկումների ժամանակ ասաց արտաքին հարաբերությունների գծով Քոչարյանի նախկին խորհրդական, ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Այսօր նա կողմնակից է, որ քաղաքական գիծը փոխվի. ԼՂ-ն վերադառնա բանակցային սեղան: «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը համոզված է, որ հենց ԼՂ-ին բանակցային գործընթացից դուրս մղելու պատճառով է, որ «այն տարածքները, որոնցում հայկական ուժեր են, համարվում են օկուպացված»:

Քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանին ընդհանրապես հետաքրքրում էր` Հայաստանը եւ Ղարաբաղը վարու՞մ են այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի ԼՂ անկախությանը կամ ՀՀ-ի հետ միավորմանը: Միանգամից էլ պատասխանեց իր հարցին` ոչ:

Նա բացարձակապես չի հավատում, որ այդ հարցը լուծվում է մեր երկրի ներսում. «Պետք է կանչել եռանախագահության ՌԴ ներկայացուցչին, լսել նրան եւ իմանալ, թե մեր ստրատեգիական պարտնյորը քանի՞ արծաթով է վաճառելու մեր պատմական հողը»:

ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանին հետաքրքրում էր` արդյոք մենք ուզու՞մ ենք լուծել այս հարցը: Դրա համար, ըստ նրա պետք է պարզել` ի՞նչ ենք հասկանում հայանպաստ կարգավորում ասելով: Նա հայտարարեց. «Ամեն ինչ պետք է անենք, որ կոնֆլիկտը դիտվի ադրբեջանա-ղարաբաղյան, մենք պետք է լինենք պայմանավորվածությունների գարանտ»:

Այնուամենայնիվ, եւ Խոսրով Հարությունյանը, եւ Շավարշ Քոչարյանը, եւ Արամ Գասպարի Սարգսյանը համոզված են, որ ԼՂ հարցը լուծելու համար երկրին անհրաժեշտ է լեգիտիմ իշխանություն:

«Իշխանությունների քաղաքական որակը օրինականության տեսանկյունից պետք է անխոցելի լինի, որպեսզի կարողանա նույնիսկ հարկ եղած դեպքում մարտահրավեր նետել իր հանրությանը»,-լեգիտիմության թեման ամփոփեց Խոսրով Հարությունյանը: