Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱ՞Վ Է

Քաղաքականություն

Մինչեւ տարեվերջ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է պատրաստվում տալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին: Այսօր նա հրաժարվեց պատասխանել այս առնչությամբ լրագրողների հարցերին: Միայն պատասխանեց մեր այն հարցին, թե հարցազրույցում լա՞վ, թե՞ վատ լուր է հայտնելու հասարակությանը. «Ամեն ինչ լավ է ընթանում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի` Ղարաբաղին առնչվող մասի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Առաջին եւ երկրորդ նախագահների տեսակետները չեն փոխվել. ամեն մեկը մնում է այն դիրքորոշումների վրա, որոնց վրա եղել է: Դա նաեւ բնական եմ համարում, որովհետեւ եթե ինքը /Լ.Տ.Պ-ն/ ընդունի, որ այլ կարգի լուծումներ կան, կնշանակի, որ 1998 թվականի հրաժարականը իզուր էր, կարելի էր ուղղակի համաձայնվել եւ առաջ շարժվել: Զուտ, այսպես, որպես հոգեբանական գործոն այդ հանգամանքը չի կարող ազդեցություն չունենալ մոտեցումների վրա»:

Հարցազրույցի այլ հատվածների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ խոսել, թեման ավարտելով հետեւյալ կերպ. «Կարծում եմ, որ ՀՀ առաջին նախագահը եւ իրավունք ունի, եւ ցանկալի է, որ պարբերաբար մամուլի առջեւ իր կարծիքը հայտնի եւ այնքան ընդմիջումները մեծ չպետք է լինեն, որ դուք ատրակցիոնի պես սա ընկալեք: Իսկ Ադրբեջանի մամուլը այդ հարցազրույցից հետո բավականին աշխուժացավ»: