Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՐՔԱՆ ԱՐԺԵ 100 ԴՐԱՄԱՆՈՑ ԿԵՂԾԵԼԸ

Տնտեսություն

Այսօր Կենտրոնական բանկի` կանխիկ դրամով գործառնությունների վարչության պետ Գեւորգ Թումանյանը, իր խոսքով, մեկ լավ եւ մեկ վատ լուր հայտնեց լրագրողներին: Լավն այն էր, որ դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ կմտնեն նոր 10 դրամանոց մետաղադրամները, որոնք տրամագծով նախորդներից փոքր են, ավելի ներդաշնակ են մյուս մետաղադրամներին:

Բանկի պաշտոնյայի հաջորդ` վատ լուրը փոքր ինչ տարակուսելի էր: Նա ասաց, որ օրեր առաջ իրենք հայտնաբերել են կեղծ 100 եւ 200 անվանական արժեքով մետաղադրամներ: Թե ինչու են մի քանի օր առաջ հայտնաբերածի մասին այսօր հայտնում, Գեւորգ Թումանյանը պատասխանեց. «Վերլուծություններ էինք կատարում»: Վերլուծությունների ավարտը հավանաբար պատահաբար համընկել էր 10 դրամանոցների մասին հայտարարելու օրվան: Մյուս հանգամանքը, որ առավել տարակուսելի էր, հետեւյալն է. առաջին կեղծ մետաղադրամները հայտնաբերելուց մինչ այսօր Կենտրոնական բանկը լրացուցիչ որեւէ «ոչ իսկական 100-անոց կամ 200-անոց» չի գտել: Գեւորգ Թումանյանի ձեռքին այդ եզակի` մեկական օրինակ կեղծված փողերն էին: Թե որքանով է 100 դրամ կեղծելը ձեռնտու, մի կողմ թողնենք:

Կանխիկ դրամով գործառնությունների վարչության պետը հայտարարեց, որ հայտնաբերված երկու կեղծ մետաղադրամները նույնիսկ դեռ լաբորատոր փորձաքննության չեն ուղարկել, քանի որ դրանք կարող է վնասվեին կամ կորցնեին հայտնաբերման պահին արտաքին շերտի տեսքը, կուղարկեն ասուլիսից անմիջապես հետո:

Իսկ եթե որեւեէ մեկի մոտ իսկապես կհայտնվի կեղծ մետաղադրամ, ԿԲ ներկայացուցիչը խորհուրդ տվեց նրա իսկությունը պարզելու նպատակով, այն զրնգացնել, նետելով կոպիտ մարմնի վրա։ Գեւորգ Թումանյանի հավաստմամբ, իսկականն ավելի զրնգուն է լինում։

Նկատենք, որ հասարակության շրջանում կեղծ մետաղադրամերի մասին շշուկներ մինչ օրս գոնե չկային։