Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ-Ն ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՏԵՌՈՐԻԶՄԻ ԴԵՄ

Քաղաքականություն

Այսօր խորհրդարանը նորից քննարկեց «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների օրինականացման եւ տեռորիզմի ֆինանսավորման դեմ պայքարի» մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ օրինագիծը խորհրդարանը մերժեց ընդամենը նախորդ եռօրյայի վերջին օրը: Իսկ անմիջապես հաջորդ օրը կառավարությունը նորից քննարկեց ու ,հավանություն տալով նախորդ օրը մերժված օրինագծին, այն կրկին ուղարկեց ԱԺ:

Օրինագիծը ներկայացնող ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը այս շտապողականությունը պայմանավորեց առաջարկվող օրենքի կարեւորությամբ: Ըստ նրա, օրինագծում արվել են որոշակի փոփոխություններ, որոնց հեղինակները օրինագծից դժգոհող պատգամավորներն են՝ ՄԱԿ-ից ու «Ժողովրդական պատգամավոր» խմբից, նաեւ ՀՀԿ-ից:

«Առաջարկություն կար, որ հաշվի առնենք, որ արտագնա աշխատողների քանակը բավականին մեծ է, ու տրանսֆերտների այն հոսքերը, որ գալիս են դեպի Հայաստան մեծաքանակ են, ու կարող են ստեղծել լրացուցիչ դժվարություններ քաղաքացիների համար, այդ առաջարկությունը ընդունվեց: Նմանատիպ փոխանցումների վերաբերյալ սահմանվել է նոր սահման՝ մինչեւ 5 մլն դրամ»,- պարզաբանեց Տիգրան Սարգսյանը:

Երկրորդ առաջարկությունը վերաբերում էր անշարժ գույքի ձեռքբերմանը ՀՀ-ում, եւ սա եւս օրենսդիրները ընդունել են որպես ազգային օրենսդրության առանձնահատկություն: Այս դեպքում սահմանային է համարվել մինչեւ 50 մլն դրամ փոխանցումները:

Նաեւ համապատասխան փոփոխություններ են առաջարկվում քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերում, որպեսզի հստակ լինի պատասխանատվության ռեժիմներն այն սուբյեկտների նկատմամբ, որոնք մասնակցել են կամ կասկածվում են այդպիսի գործարքներին մասնակցության մեջ:

Ի դեպ, ԿԲ նախագահը տեղեկացրեց երկու նման դեպքի մասին: Առաջինը՝ Կրեդիտ Երեւան բանկը 250 մլն դոլարի երաշխիքային կեղծ նամակներ է տպել, եւ երկրորդը՝ ԱՄՆ-ից ահազանգ է ստացվել մի կասկածելի գործարքի մասին, որը Հայաստանում անմիջապես կասեցվել է եւ հարուցվել է քրեական գործ: Այլ մանրամասներ այս առիթով Տրգրան Սարգսյանը չասաց:

Ի դեպ, օրինագծում առաջարկվել եւ ընդունվել է նաեւ բարոյական եւ ֆինանսական վնասի փոխհատուցման մեխանիզմը: Կասեցված եւ հետագայում թույլատրված գործարքի համար պատճառված վնասի փոխհատուցումը ընկնելու է Հայաստանի Հանրապետության վրա: Ասել է թե՝ բյուջեի:

Մեր այն հարցին, թե վերլուծաբանները մտավախություն ունեն, որ այս օրենքը ընդունելով իշխանությունը հնարավորություն է ստանում հսկել ընդդիմության ֆինանսական հոսքերը՝ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Այսինքն, ամբողջ աշխարհը բան ու գործ չունի անելու, մտածում է մեր ներքաղաքական վիճակի մասին, մտածում է, ոնց անի, որ ընդդիմության դե՞մ պայքարի»: Օրինագիծը կքվեարկվի վաղն առավոտյան: