Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՀԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ

Քաղաքականություն

«Նոյեմբերի 21-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը չէր համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների` ԵԱՀԿ, ԵԽ եւ եվրոպական այլ կառույցների շատ չափանիշների: Ինչպես առաջին փուլում` թե' պետական գործադիր իշխանությունները եւ թե' Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը թերացել են իսկական ժողովրդավարական ընտրական գործընթաց իրականացնելու հարցում»: Սա Ուկրաինայի նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ Միջազգային Ընտրական Դիտորդական Առաքելության նախնական եզրակացությունն է:

Երկու փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում Առաքելությունը տեղեկացրել է այնպիսի դեպքերի մասին, երբ հասարակական հատվածի աշխատակիցների եւ ուսանողների վրա գործող վարչապետ Վիկտոր Յանուկովիչի թեկնածությունը պաշտպանելու նպատակով ճնշում է գործադրվել: Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակությունը մեկ անգամ եւս ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշ է դրսեւորել: Չնայած ընտրական գործընթացի լուրջ թերություններին` երկրորդ փուլն ընտրազանգվածին ընտրության հնարավորություն է ընձեռել, սակայն, ըստ դիտորդների, ընտրարշավի պայմանները հավասար չեն եղել:

Դիտորդները նկատել են առավել լուրջ խախտումներ, մասնավորապես` բռնության կիրառման, դիտորդներին, ընտրական հանձնաժողովների անդամներին եւ առանձին ընտրողներին ուղղված սպառնալիքի դեպքեր: Մեծ թվով ընտրատարածքներում ընտրահանձնաժողովների անդամներն ազատվել են աշխատանքից: Որոշ տեղերում չլիազորված անձինք միջամտել կամ ուղղորդել են գործընթացը, ինչպես նաեւ ընտրողների վրա ազդելու փորձեր կատարել: Ընտրատարածքների գրեթե 40 տոկոսում ներկա են եղել նաեւ ոչ իրավասու մարդիկ, այդ թվում` ոստիկանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ընտրությունների մասին վերջնական զեկույցը կհրապարակվի ընտրական գործընթացի ավարտից գրեթե 6 շաբաթ հետո: