Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԵՐԿԱՐԱՁԳԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

Այսօր ԱԺ-ում շարունակվեց «Օտարերկրյա պետություններից եւ կազմակերպություներից ստացված վարկերի, օգնությունների եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունը ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի հաշվետվությունը: Պատգամավորները դրական գնահատեցին այդ: Հիշեցնենք, որ հանձնաժողովը անդրադարձել է ջրային ոլորտում վարկերի ստացման եւ սխալ օգտագործման փաստին:

ԱԺ անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, հավանություն տալով հանձնաժողովի գործունեությանը, միաժամանակ նշեց, որ միեւնույն է աշխատանքը արդյունք չի տալու: Նա այդ հիմնավորում էր 4 տարի առաջ նույնանման էներգետիկ խնդիրներով ժամանակավոր հանձնաժողովի օրինակով: Այն աշխատեց 8 ամիս, բացահայտեց աղաղակող խախտումներ, ներկայացրեց դատախազության քննությանը, բայց որոշ ժամանակ անց գործընթացը սառեցվեց:

Վարկերի օգտագործման հարցերով հանձնաժողովի բացահայտումներից հետո միայն Ջրային տնտեսության պետկոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը պաշտոնազրկվեց, այն էլ, ըստ Մանուկ Գասպարյանի,«վերեւներին էր պետք»:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նույնպես գնահատեց հաշվետվությունն այն տեսանկյունից, որ վարկերի որոշ մասը յուրացվել է : Օրինակ` 40 մլն դոլար վարկի 23 տոկոսը օգտագործվել է այսպես կոչված խորհրդատվական նպատակներով: Մինչդեռ ամբողջ աշխարհում աշխատավարձի մասով օգտագործվում է վարկի 20 տոկոսը:

ԱԺ-ում միտում կա հանձնաժողովի գործունեությունը երկարացնել 1 տարով: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ առայժմ վաղը կքվեարկվի մինչեւ 2005թ հունիս հանձնաժողովի աշխատանքը երկարաձգելու հարցը: Ըստ Վահան Հովհաննիսյանի, հետագայում հանձնաժողովը կանդրադառնա «Լինսի» հիմնադրամի տրամադրած միջոցների օգտագործմանը: