Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՐԹԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ. ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐՈՒՄ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐՆ ԵՆ

Քաղաքականություն

Այսօր ժամը 11-ին պետք է կայանար Հայաստանի կոմունիստական կուսակցության 36-րդ համագումարը: Սակայն 9.30-ից կառավարության նիստերի դահլիճի մոտ հավաքված համագումարի պատվիրակների, կումկուսի անդամների մի զգալի մասին՝ այդ թվում Կոմկուսի նախկին քարտուղարներ Խորեն Սարգսյանին, Սանատրուկ Սահակյանին ու Նորիկ Պետրոսյանին, ուղղակի թույլ չտվեցին մտնել շենք. որոշ ընկերների պնդմամբ ոստիկանները, որոշների համոզմամբ՝ կուսակցական վերնախավը:

Ամեն դեպքում, չգիտես ինչու ժամը 10-ից Մելիք Ադամյան փողոցում էին Ոստիկանության քաղաքային վարչության աշխատակիցները, կարգուկանոնի կարմիր բերետավոր պաշտպանները:

Խորեն Սարգսյանի գնահատմամբ «կարմիր բերետավորների ու ոստիկանների ներկայությունը խոսում է այն մասին, որ այս համագումարը իշխանական համագումար է. իսկական կոմունիստները դրսում կանգնած են: Ես չգիտեմ՝ իմ 55 տարեկան սիրտը ինչքան կդիմանա, որ պայքարեմ»:

10.30-ի սահմաններում ծեծկռտուք առաջացավ թովմասյանական թեւի եւ կոմկուսից հեռացվածների՝ Խորեն Սարգսյանի, Նորիկ Պետրոսյանի ու Սանատրուկ Սահակյանի կողմնակիցների միջեւ: Արդյունքում երեք հոգի տարվեց ոստիկանություն:

Ժամը 11-ին համագումարը սկսեց իր աշխատանքը փաստացի քվորումի բացակայության պայմաններում. 370 պատվիրակից համագումարների դահլիճում էին տարբեր հաշվարկներով 70-ից 100 մարդ: Ընդ որում, ըստ դրսում մնացած կոմունիստների, ներսինները ոչ կուսակցության անդամներ են, ոչ պատգամավորներ. պատահական մարդիկ են:

Իսկ փոխարենը Լիբանանից ժամանած կոմունիստ Խոսրով Նաջարյանին եւ եւս մեկ լիբանանահայի արգելվել էր ներս մտնել: «Ես զարմացած եմ, թե այդ կուսակցությունը ինչպես խեղաթյուրված է, խաղցված է, մարդիկ լքած են շարքերը, բայց մենք՝ Լիբանանի կոմկուսի հայկական թեւը, հրավեր ստացած ենք ու եկած ենք: Բայց ոչ լսելու հնարավորություն ունեցանք, ոչ ալ բան մը խոսելու, այդպես ալ մնացինք կանգնած, ամբոխը գսպասի ինչի՞, չեմ գիտեր»,-ասում էր Խոսրով Նաջարյանը:

«Որպես հյուր այս մարդուն պետք է ուղեկցեին, ոչ թե այսպես վարվեին նրա հետ, ամոթ է»,-ասաց ՀԿԿ-ից հեռացված Նորիկ Պետրոսյանը: Ի դեպ, ըստ Խոսրով Նաջարյանի, Լիբանանի կումկուսը 70 հազար հայ անդամ ուներ, բայց վերջին տարիներին գաղթեցին, այսօր 7 հազար մարդ է մնացել:

«Թովմասյան դավաճան», «Թովմասյան հեռացիր» վանկարկումներով կոմունիս ընկերները համառորեն մինչեւ ժամը 14-ը ուզում էին մտնել շենք, բայց չէին կարողանում. երկաթե դարպասը փակ էր, իսկ ոստիկանները աչալրջորեն հսկում էին կարգուկանոնը:

Երբ երկար հորդորներից հետո ոստիկանները համաձայնեցին ներս թողել գոնե լուսաբանող լրագրողներին, մի խումբ կոմունիստների հաջողվեց ներս մտնել:

Նկատենք, որ պատահաբար, թե միտումնավոր դահլիճ չթույլատրվեց մտնել «Ա1+»-ի, «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի թղթակիցներին: