Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-Ն ՄԻԱՎՈՐԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Քաղաքականություն

Մի քանի օր առաջ Վենետիկում անցկացված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նիստին մասնակցելուց հետո, Երեւան վերադարձած ԱԺ պատվիրակությունը իր աշխատանքը ներկայացրեց լրագրողներին:

Հայկական պատվիրակության կազմում էին 3 պատգամավոր, իսկ պատվիրակության ղեկավարը ԱԺ պատգամավոր, ՊՆ, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Մհեր Շահգելդյանն էր: Ի դեպ, պատվիրակության կազմում ընդգրկված էր նաեւ ընդդիմադիր «Ազգային Միաբանության» ներկայացուցիչ Ալեքսան Կարապետյանը: Այսօրվա ասուլիսից պարզ դարձավ, որ այս անգամ էլ հայկական պատվիրակությունը հաշտ ու համերաշխ է եղել եւ «տան աղբը դուրս չի բերվել»:

ՆԱՏՕ-ի ԽՎ նիստի ժամանակ քննարկվել են մի քանի հարցեր, որոնք վերաբերվել են Հայաստանին: Օրինակ` քաղաքական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է Հայաստանի սահմանների խնդիրը: Սակայն, ՆԱՏՕ-ի ԽՎ նիստի առավել կարեւոն հատվածը, որ վերաբերել է Հայաստանին, գերմանացի պատվիրակի զեկույցում այն ձեւակերպումն է, որ հերթական անգամ օգտագործվել է ոչ հայանպաստ «գրավյալ» կամ «օկուպացված տարածքներ» արտահայտությունը: Թե Մհեր Շահգելդյանը, թե Ալեքսան Կարապետյանը նշեցին, որ այդ առիթով անհանգստանալու առիթ չկա: Ըստ պատվիրակների, դա ընդամենը զեկույց է եղել, ոչ թե հաստատված փաստաթուղթ: Այդ փաստաթուղթը մինչեւ հաստատվելը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, իսկ հայկական պատվիրակությունը դա շտկելու ուղղությամբ դեռ աշխատում է:

Հայաստանի պատվիրակության կողմից եղել է նաեւ գրավոր ու բանավոր առաջարկ, որը վերաբերել է հայկական տարածքներ Շահումյանին եւ Գետաշենին, որտեղի բնակիչները բռնի տեղահանվել են Ադրբեջանի կողմից: Այս հարցի կապակցության նույնպես առայժմ ոչ մի հստակ ձեւակերպում չկա:

Ի դեպ, տեղում պատվիրակության աշխատանքները կազմակերպելու առումով Մհեր Շահգելդյանը դժգոհեց Իտալիայում ՀՀ դեսպանության ոչ արդյունավետ աշխատանքից: