Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԲԵՔ ՈՐԵՎԷ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ՏՐԱՄԱԴՐԵԼ

Քաղաքականություն

«Մինչեւ 1994թ. հաջողությունները բացառապես պայմանավորված են եղել ժողովրդական շարժումով: Որեւէ մեկը ղարաբաղյան կոնֆլիկտը դեռ չի հայտարարել որպես կրոնական կոնֆլիկտ, այդ արտահայտությունը որեւէ փաստաթղթում չկա, իսկ ռազմական ու դիվանագիտական ձեռքբերումները ամենեւին նախկին իշխանությունների հաջողությունը չէր: Մինչեւ 1994թ. հրադադարի կնքումը միմիայն ժողովրդական ալիքը հանգեցրեց նրան, որ մենք կարողացանք Լեռնային Ղարաբաղը տեսնել ազատ ու անկախ, որից հետո հենց նախկին իշխանությունների կողմից որդեգրվեց շատ սխալ ու պարտվողական քաղաքականություն: Իսկ Ռուսաստանը մեր պետությանը որեւէ ժամանակաշրջանում անհատույց ռազմական օգնություն չի ցուցաբերել»,- այսօր մեզ փոխանցեց ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ այս շաբաթ ՀՀՇ վարչությունում ՀՀ առաջին նախագահի խորհրդական Լեւոն Զուրաբյանը զեկույց ներկայացրեց, որում նշվում էր, թե գործող իշխանությունների օրոք Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանին անհատույց ռազմական օգնություն տրամադրելը: Զեկույցում ընդգծված էր, որ Ռուսաստանի ռազմական օգնությունը մեր երկիրը ստացել է արցախյան ազատագրական պայքարի տարիներին:

Լ. Զուրաբյանը առանձնացրել էր նաեւ դրույթներ, ըստ որոնց, միջազգային հանրությունը ընդունել էր, որ ղարաբաղյան պայքարը չի կրել կրոնական բնույթ, Ադրբեջանից տարածք չի գրավվել՝ տեղի է ունեցել Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքար, հայերն այդ տարածքում էթնիկ զտումներ չեն իրականացրել, կոնֆլիկտի կարգավորումը ՄԱԿ-ից տեղափոխվել է ԵԱՀԿ:

Այսօր Ադրբեջանը առանց սահմաններն ապաշրջափակելու ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն է ստանում, չնայած՝ ԱՄՆ կառավարությունը ընդունել էր 907 բանաձեւը, որով արգելվել էր Ադրբեջանին ֆինանսական օգնություն տրամադրելը, քանի որ այդ երկիրը շրջափակել է Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանները:

Հայաստանը ՌԴ ռազմական օգնությունը չի ստանում, միջազգային փաստաթղթերում ամրագրված դիվանագիտական հաղթանակները ԵԽԽՎ վերջին նստաշրջաններում ընդունված զեկույցներում անցանկալի վերաձեւակերպումներ են ստանում, Ադրբեջանը փորձ է անում կոնֆլիկտի կարգավորումը ԵԱՀԿ-ից դարձյալ ՄԱԿ տեղափոխել:

Այսօր ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը միանգամայն հանգիստ է վերաբերվում Դեյվիդ Աթկինսոնի զեկույցում տեղ գտած՝ «կատարվել է էթնիկական զտում», «Ադրբեջանի զգալի մասը գրավված է Հայաստանի կողմից», «գրավյալ տարածքները անմարդաբնակ են եւ կան միայն անջատողական ուժեր» արտահայտություններին: Դրանք, ըստ առաջին նախագահի խորհրդականի, այս իշխանությունների «ձեռքբերումներն են»: