Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԶ ԱՅԼԵՎՍ «ՍԱԿ» ՊԵՏՔ ՉԷ

Տնտեսություն

Աղքատության կրճատման ծրագիր իրականացնելու համար Հայաստանի կառավարությունը այլեւս «Սակ» վարկեր չի ստանա, սակայն դրա փոխարեն 2004-2007թ.թ. մեր երկրին Համաշխարհային բանկը «Աղքատության հաղթահարման աջակցության վարկ» կտրամադրի: Այսօր ՀԲ Երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը եւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ստորագրեցին առաջին 20մլն դոլարի վարկի պայմանագիրը:

Նախարարն ասաց, որ այդ գումարները աջակցություն են բյուջեին եւ ուղղվելու են կառավարության բոլոր ծրագրերին: «Մեզ բարդ միջոցառումների շնորհիվ հաջողվեց ունենալ այս վարկը, նախ եւ առաջ կարողացանք բարելավել գործարար մթնոլորտը»,- ներկայացրեց նախարարը:

Նա նաեւ հայտարարեց. «Միջազգային կազմակերպությունները, դոնոր երկրների հետ, համոզվեցին, որ Հայաստանի կառավարությունը ավելի առանց կասկածի է աշխատում, ավելի բաց»: Նախարարին խնդրեցինք մեկնաբանել՝ արդյո՞ք նոյեմբերի 4-ի կառավարության նիստն ու բջջային կապի երկրորդ օպերատորի գիշերային գաղտնի մրցույթը կառավարության բաց աշխատանքի եւ գործարար դաշտի բարելավման ամենաթարմ դրսեւորումներից է: «Ես ասացի այն, ինչ ասացի»,- պատասխանեց կառավարության անդամը:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոբեր Ռոջինսոնը պայմանագրի ստորագրումից հետո, խոսելով 2005թ. ՀՀ պետբյուջեի նախագծի մասին, ասաց, թե 90-ականներից ի վեր առաջին անգամ է Հայաստանի բյուջեում կրթության հոդվածային տողը ավելի մեծ, քան պաշտպանությանը: Նա ողջունեց կառավարության այդ քայլը եւ համարեց, որ դրանով գործադիր իշխանությունը ցույց է տալիս իր գերակա ուղղությունները: