Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՅՈՒՋԵԻ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

Տնտեսություն

Պատգամավորներն այս շաբաթվա ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովներում մանրակրկիտ ուսումնասիրելու են 2005 թվականի պետբյուջեի նախագիծը: Քննարկումների առաջին իսկ օրը ցույց տվեց, որ այդ աշխատանքներն էլ են ընթանալու առանց ընդդիմության՝ կոալիցիոն «բացառիկ» համերաշխության մթնոլորտում:

Առաջին օրվա լսումները սկսվեցին ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական մշտական հանձնաժողովում: Ընդհանուր բյուջեն՝ առանց առանձին ոլորտներին անդրադառնալուն, լսումների ժամանակ ներկայացրեցին ՀՀ վարչապետը, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը եւ Կենտրոնական Բանկի նախագահը: Կարգի համաձայն, տարբեր հանձնաժողովներում լսումներն ավարտելուց հետո, 2005 թվականի պետբյուջեի նախագիծը կընդգրկվի ԱԺ օրակարգ եւ կներկայացվի հաստատելու համար:

Հաջորդ տարվա բյուջեն, պաշտոնյաների գնահատմամբ, որակվեց իբրեւ «սոցիալական» եւ ռիսկ չպարունակող: 2004 թվականի պես, 2005 թվականի բյուջեն նույնպես մշակվել է «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» չափանիշների հիման վրա:

Ի դեպ, առաջին իսկ ընդմիջումից հետո, 2005 թվականի բյուջեի նախագծի լսումներն ընթացան արդեն կիսադատարկ դահլիճում: