Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՐԲԱԳՐՎՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍԽԱԼՆԵՐԸ

Տնտեսություն

«Այբ-Ֆե»թերթի նյութերից

1997 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ ՀՀ վարչապետ էր, կնքվեց առքուվաճառքի մի պայմանագիր, որը տարիներ անց «պատուհաս» դարձավ թե հասարակության, թե կառավարության համար: ՀՀ պատմության մեջ «լավագույն» գործարքը այսօր արդեն անսպասելի զարգացումներ է ունենում: «Ես չեմ կարող մեղադրել այդ գործարքը ստորագրողներին եւ համարում եմ, որ այդ պարագայում, այն տեղեկատվությամբ, որ առկա էր, նրանք գնացել են ողջամիտ ճանապարհով: Այլ խնդիր է, որ միգուցե, ես չգնայի այդ ճանապարհով, այլ խնդիր է, որ այսօրվա գիտելիքներն ունենալով, տեսնելով թե դա ինչ ուղղությամբ է զարգանում, հաստատ ոչ ոք չէր գնա այդ ճանապարհով»,- ընդամենը երկու օրվա վաղեմության այս տեսակետը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանինն է: ՀՀ կառավարությունն ընդանրապես շատ հնարամիտ ձեւով քողարկեց սկզբից Կառավարություն-«ԱրմենՏել» վեճը, այնուհետեւ Կառավարություն-«ԱրմենՏել» Հաշտության համաձայնագրի բանակցություները: Այդ ամենի արդյունքում` «ԱրմենՏել»-ին մենաշնորհից զրկելու պատրվակով «չարաբաստիկ» թիվ 60 լիցենզիայում կատարվլու են 50-60 փոփոխություններ, որոնք ըստ էության ոչ թե «ԱրմենՏել»-ին զրկելու են ունեցած բացառիկ իրավունքներից, այլ ընկերությանը տալու են նոր իրավունքներ: Որպես պարժամիջոց կարելի է ընկալել այն փաստը, որ շարժական հեռախոսակապի ոլորտում GSM ծառայությունների, շարժական արբանյակային եւ հատուկ շարժական ռադիոծառայությունների շրջանում «ԱրմենՏել»-ի ունեցած մենաշնորհը նվազելու է: Այդքանը եւ վերջ… Քննարկումների, վեճերի թոհուբոհի մեջ կառավարությունն այսօր էլ «ԱրմենՏել»-ի միջոցով փորձում է մոլորեցնել սեփական ժողովրդին: Մոլորեցնել նրա համար, որ ժողովրդից շորթվեն վերջին կոպեկները: Խոսքը IP ծառայությունների մասին է, այլ կերպ ասած` «ձայնի փոխանցում հանրային ինտերնետի միջոցով` վարձի դիմաց»: Քննարկումների ընթացքում էական փոփոխություններից մեկը վերաբերում է հենց այս կետին: Որոշվել է, որ այսուհետ այդ ծառայությունները մատուցելու են ոչ թե առանձին ընկերություններ, այլ միմիայն «ԱրմենՏել»-ը: Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ… Պայմանագիրը խախտող, օրենքներին չենթակվող եւ կարգազանց ընկերությանը ինչո՞ւ են տրվում նոր իրավունքներ, հատկապես այն ոլորտի, որն ըստ որոշ գնահատականների տարեկան 18-20 միլիոն դոլարի շրջանառություն ունի: Հենց այստեղ հարկ է հիշել Արշակ Սադոյանին, որն արդեն մասնագիտացել է «ԱրմենՏել»-ին շրջապատող կոռուպցիան ուսումնասիրելու ասպարեզում: «170 միլիոն դոլարի պարտքը, որը պայմանագրի չիրականացման պատճառով ունի OTE ընկերությունը Հայաստանի կառավարության, պետության նկատմամբ, 170 միլիոն դոլար, որի համար կարելի էր ընկերության բոլոր բաժնետոմսերը վերցնել եւ վերջապես ազատվել այդ ընկերության գործունեությունից: Այդ ամենը զիջվեց OTE-ին 7 միլիոն կաշառքի դիմաց` սեփական գրպանը դնելով»,- հայտարարում է Սադոյանը եւ բացահայտում, թե ով է կաշառակեր պաշտոնյան. «Այդ անձը կառավարության անդամ է եւ այնպիսի մի անձնավորություն, որի սեռական կողմնորոշումները նույնիսկ դժվար է պարզել»: Ի դեպ, հենց այս կաշառակերության մասին լսելով իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ անդամները հայտարարել են, որ Դատախազությունը պետք է քննի այդ գործը: Սակայն, բոլորովին այլ պատկերի ականատես է եղել Արշակ Սադոյանը, երբ հակառակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի ստեղծած արգելքին, «կառավարական սափրագլուխների» պատնեշն անցել ու օգտվել է պատգամավորի իր իրավունքից եւ մասնակցել է Կառավարության վերջին արտահերթ նիստին, որը գումարվել էր ուշ երեկոյան: «Կառավարության նիստում դաշնակցական նախարարների կողմից որեւէ լուրջ ընդվզում չտեսա, ուղղակի տեսա միայն գլուխը կախ նախարարների, որոնք աշխատում էին նույնիսկ հարցեր չտալ»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը: Այսիսով, այն «խաղերը», որոնք հայրենի կառավարությունը «խաղում է» «ԱրմենՏել» ընկերության հետ, բնորոշվում են իբրեւ կոալիցիայի դավաճանություն սեփական ժողովրդի հանդեպ: Վերադառնալով IP կապին նշենք, որ եթե այսօր մարդիկ կարողանում են յուրաքանչյուր րոպեի համար նվազագույն 100 դրամ վճարելով «Ինտերնետ ակումբ»-ներից զրուցել արտագնա աշխատանքների մեկնած իրենց բարեկամների հետ, այդպիսով նաեւ տնտեսելով որոշակի գումար, ապա այսուհետ այդպես չի լինելու: Չնայած նրան, որ Դավիթ Հարությունյանը հեքիաթ է համարում այն խոսակցությունները, թե այդ ծառայության 1 րոպեի վարձը դառնալու է 700 դրամ, այնուամենայնիվ, թանկացում լինելու է: Ենթադրենք` այդ գինը կարող է դառնալ 500 դրամ: Եւ որպեսզի այդ բանի համար ժողովուրդը չընդվզի, հայրենի իշխանությունը առայժմ մեղմ տոնով փորձում է սպառնալ: «Այն շահույթը, որը գնում էր ինչ-որ անձանց գրպանը, մենք այդ շահույթը նորից ուղղում ենք, վերադարձնում ենք «ԱրմենՏել»-ին, որպեսզի մեղմենք սակագների աճը»,- ասում է Դավիթ Հարությունյանը: Ինչ վերաբերում է ընդանրապես փոփոխություններին, ապա այդ ամենի արդյունքում կսրբագրվի այն «խայտառակ» պայմանագիրը, որի տակ կար Ռոբերտ Քոչարյանի ստորագրությունը: Իսկ թե ո՞ւմ ստորագրությունը կլինի հերթական «խայտառակության» տակ, իշխանության համար արդեն էական չէ:

ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ