Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԲ-Ն ՁԵՌՔՆԵՐԸ ԼՎԱՑԻՆ «ՆԱԻՐԻՏԻՑ»

Տնտեսություն

Այսօր առավոտյան Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողներին հայտարարեց, որ իրոք «Նաիրիտ» գործարանի նոր սեփականատերը «Ֆլեշ» ընկերությունն է։ Հիշեցնենք, որ նախօրեին նման տեղեկություն էր տարածել «Հայկական ժամանակ» օրաթերթը։ ԿԲ նախագահի խոսքով, «Ֆլեշ» ընկերությունը վաղուց էր հետաքրքրված «Հայկապ» բանկի առողջացմամբ եւ նորմատիվային դաշտ բերելով։ Մինչ այդ գործարքը, «Հայկապ» բանկի կառավարումն իրականացնում էր Կենտրոնական բանկը, այսինքն՝ «Նաիրիտի» անուղղակի կարավարիչը Տիգրան Սարգսյանն էր։

Գլխավոր բանկիրը հաղորդեց նաեւ, որ «Հայկապ» բանկում հնարավոր են նոր ներդրողներ, «Նաիրիտի» ճակատագիրը տնօրինողների ցանկում «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանից բացի, կհայտնվեն նաեւ ուրիշ հայ խոշոր գործարարներ։ Միաժամանակ ԿԲ նախագահը չհերքեց, որ այդպես էլ չվերագործարկվող քիմիական հսկայի շահագործման աննպատակահարմարությունից ելնելով՝ հնարավոր է գործարանը վերջնական լուծարվի։ Այդպիսով կդադարեցվի մայրաքաղաքի բնակչության առողջության համար վտանգավոր արտանետումներով քիմիական նյութերի արտադրությունը, ինչի համար պայքարում էին դեռ Խորհրդային Հայաստանի բնապահպանները։

Մինչ այժմ «Նաիրիտի» վերագործարկման համար բրիտանական «Ռանսաթ» եւ ռուսական «Վոլգաբուռմաշ» ընկերությունների հետ բանակցությունները վարում էին կառավարությունն ու Կենտրոնական բանկը։ Այդ գործարքների անհաջողության մեղքը, փաստորեն, բարդվում էր պետական երկու կառույցների վրա։ Երկու բանակցություններին էլ մասնակցել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը դրանք հերթով համարել է «հաջողված»։ Այսուհետ «Նաիրիտի» բանակցությունները կվարեն ընկերության 100% բաժնետոմսերի տնօրինող «Հայկապ» բանկի նոր սեփականատերերը։ Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ, «Վոլգաբուռմաշը» խնդրել է չորս ամսով երկարաձգել բանակցությունները։

Իսկ ռուսական մեկ այլ ընկերություն, Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատեր «Միդլենդ Ռեսուրսիզը», երեք օր առաջ անջատել էր գործարանի էներգամատակարարումը, որն այնուհետեւ վերականգնել էր ընդամենը մեկ շաբաթով։ «Նաիրիտի» հոսանքազրկումը կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել։ Գործարանը «Հայաստանի էլեկտրական ցանցերին» պարտք է 800 մլն դրամ։