Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐԿԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՆՈՐՄԱԼ ԵՆ, ԲԱՅՑ ԹՈՒՅԼ

Տնտեսություն

«Մեր համակարգում նորմալ մարդիկ են»,- լավատեսական այսպիսի նոտայով լրագրողների հետ իրենց հանդիպումը ավարտեցին ՀՀ Հարկային պետական տեսչության պետի երկու տեղակալները: Արմեն Ալավերդյանն ու Արթուր Օսիկյանն այսօր Մամուլի ազգային ակումբի հյուրերն էին:

Հարկային ու մաքսային հավաքագրումները կգերազանցեն բյուջեով նախատեսված 258մլդ դրամը, -հայտնեց Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա, միայն հարկային տեսուչները անցնող 10 ամսվա ընթացքում մոտ 100մլդ դրամ են հավաքագրել: «Մեր համակարգը չի խոչնդոտում Հայաստանում բիզնեսի զարգացմանը»,- պնդում է պարոն Ալավերդյանը:

Ի պատասխան հարկատուների դժգոհությանը՝ Արմեն Ալավերդյանը հայտնում է, որ կանխավճարով շահութահարկ գանձելն իրենց օրենքով թույլատրվում է: Չհաշված գործարարին կանխիկ գումար շրջանառելու հնարավորությունից զրկելը՝ դրանից, ըստ նրա, դժգոհող հարկատուների համար օգուտ էլ կա. «Նրանք ազատվում են ժամանակին հարկերը չմուծելու տուգանքից»:

Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ այս տարի 12000 իրավախախտում են գրանցել: Այդ 3000-ով ավել է 2003թ ցուցանիշից: Դրանց հիման վրա 23 քրեական գործ է հարուցվել: «Հարկային իրավախախտումները չեն ավելացել, այլ բացահայտումները»,- ասաց պարոն Օսիկյանը:

Բարձրաստիճան հարկահավաքների տվյալներով, հանրապետությունում մոտ 400 խոշոր հարկատուներ կան: Հավաքագրվող հարկերի 60 տոկոսը վճարում են նրանք: Մի՞գուցե հիմնական եկամուտներն էլ կենտրոնացված են նրանց ձեռքում, -հարցրեց լրագրողներից մեկը: «Չեմ կարող ասել, քանզի նրանք նաեւ բաժնետոմսեր ունեն»,- մոտավորապես պատասխանեց Արմեն Ալավերդյանը՝ քիչ անց արդարանալով,որ իրենք դեռ շատ թույլ են: