Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞ՆՉ Է Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ

Տնտեսություն

«Հայաստանի Հանրապետությունում շարժական կապի ծառայություններ մատուցելու համար լիցենզիա տրամադրելու մասին որոշմամբ, գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 4-ի N 1238 որոշումով ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացրած մրցույթի արդյունքները եւ մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչել Ղ-Տելեկոմ փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշակի հանձնարարականներ են տրվել տրանսպորտի եւ կապի, արդարադատության նախարարներին»: Սա հատված է ՀՀ կառավարության հերթական նիստի հաղորդագրությունից:

Թե ի՞նչ է նշանակում այս ինֆորմացիան փորձեցինք ճշտել թե Կառավարությունից, թե Արդարադատության նախարարությունից, թե Տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը չպատասխանեց մեր հարցերին. «Հարցրեք մրցույթ կազմակերպողին»:

Պարզվում է, մրցույթ անցկացնողը հատուկ ստեղծված հանձնաժողովն է, որը գլխավորում է Կապի եւ Տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը: «Զանգեք լրատվական»,- պատասխանեց նախարարը, երբ փորձեցինք անձամբ նրանից ճշտել տեղեկությունները:

Իսկ լրատվականի ոչ քաղաքային, ոչ էլ բջջային հեռախոսներին պատասխանող այդպես էլ չգտնվեց: Քիչ թե շատ ինֆորմացիա հաջողվեց ճշտել Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանից:

Պարզվում է, երեկ ուշ երեկոյան Կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում որոշվել է շարժական կապի ծառայություններ մատուցելու համար անցկացնել մրցույթ: Հենց երեկ է որոշվել, որ մրցութային հանձնաժողովը գլխավորելու է Անդրանիկ Մանուկյանը: Այս ամենը նշանակում է, որ այսպես կոչված «SIM» քարտերի ծառայության մենաշնորհից զրկելով «ԱրմենՏել»-ին, այդ ոլորտում արդեն կգործի երկրորդ օպերատորը: Սակայն, հատկանշականը մեկ այլ բան է:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, մրցույթ կազմակերպելու համար կա սահմանված հատուկ ընթացակարգ, որը բավական երկար ժամանակ է պահանջում: Այդ ընթացքում մրցույթի մասնակիցները ներկայացնում են իրենց հայտերը, մրցութային փաթեթները, հետո յուրաքանչյուր մրցութային փաթեթ ուսումնասիրվում է առանձին-առանձին:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ լրագրողները հետաքրքրվում էին, թե շարժական կապի ծառայություններ մատուցելու ոլորտում ե՞րբ է գործելու երկրորդ օպերատորը, պաշտոնյաները միշտ պատասխանում էին, որ «ԱրմենՏել»-ի հետ խնդրահարույց հարցերը հստակեցնելուց հետո նոր կկազմակերպվի մրցույթ:

Պաշտոնյաները մինչեւ վերջերս նաեւ պնդում էին, որ առ այսօր ոչ մի ընկերություն ցանկություն չի հայտնել մուտք գործել հայաստանյան շուկա:

Արդյո՞ք ամեն ինչ արվել է օրենքով, ինչպես եղավ, որ երեկ երեկոյան մրցույթ անցկացնելու որոշում ընդունվեց եւ մրցույթն անցկացվեց մյուս օրը մինչեւ ժամը 11:00-ը, ինչո՞ւ կառավարության երեկոյան արտահերթ նիստում ընդունված այդ որոշման մասին լրագրողները չտեղեկացվեցին ասուլիսի ժամանակ, ինչո՞ւ ամեն ինչ արվեց ծածուկ եւ մրցույթից հետո ոչ մի պաշտոնյա չի ցանկանում պատասխանել հարցերին:

Այս ամենը համապատասխան մտորումների տեղիք է տալիս: Եւ վերջապես, ի՞նչ է նշանակում «Ղ-Տելեկոմ», արդյո՞ք դա «Ղարաբաղ-Տելեկոմ»-ն է: Այս հարցի պատասխանը նույնպես չստացանք: