Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ

Մշակույթ

Նոյեմբերի 1-ից 3-ը Վրաստանում անցկացվել է առաջին միջազգային վիզուալ «Արտ Էքսպո-Արտ Կովկաս» ցուցահանդեսը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նկարիչները: Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել է 30 նկարիչ, ցուցահանդեսին ներկայացվել են նաեւ նկարիչների 6 թանգարաններում պահվող նկարները:

«Առաջին անգամ Հարավային Կովկասի երկրների նկարիչները հավաքվել էին միասնական ցուցահանդեսի համար, եւ մեր նկարիչները հերթական անգամ ցույց տվեցին իրենց ինքնատիպությունը»,- ասաց «Էլեգիա» մշակութային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գուրգեն Բարիկյանը Արտ Էքսպո «Արտ Կովկաս» տեղեկատուի այսօրվա շնորհանդեսի ժամանակ:

Բարիկյանը համոզված է, որ Հայաստանի նկարիչների գործերը գտան իրենց տերերին, դրանք բավականին արժեքավոր նյութեր էին եւ օտարերկրացիներին շատ դուր եկան: «Հայաստանի նկարիչները Հայաստանում չեն կարող նորմալ կյանքով ապրել, քանի որ ներսի գնորդը հնարավորություն չունի գնել նկարները, թեեւ հետաքրքրությունը շատ մեծ է»,- ասաց Հայաստանի սպառողների միության նախագահ Գեւորգ Պողոսյանը:

Գուրգեն Բարիկյանը համոզված է, որ ցուցահանդեսը կդառնա շարունակական եւ հետագայում կբացվի նաեւ ինտերնետային կայք: