Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՎԿԱՍԸ ՉՊԵՏՔ Է ԿՈՐՑՆԻ ԻՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսություն

Հայաստանի եւ Ռուսաստանի երկաթուղային ընկերությունների ղեկավարներն այսօր ստորագրեցին համաձայնագիր այս ոլորտում համագործակցելու քայլերի մասին: Հայաստանի երկաթուղայիները ծափերով ողջունեցին փաստաթղթի ստորագրումը, եւ, ընդհանրապես, «Ռուսաստանի երկաթուղային ճանապարհներ» ԲԲԸ նախագահ Գենադի Ֆադեեւին: Հայաստանցի նրա պաշտոնակիցը նույնիսկ նրան անվանեց «մեծ մարդ»: Պարոն Ֆադեեւը տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը աշխատում է «հին, ռուսական տարբերակով», պարտքեր չունեն, այս տարի 4 մլն դոլարի ներդրում է արվել, հաջորդ տարի կարվի` 5մլն դոլար:

Իսկ մինչեւ ռուսական ընկերության հաջողությունները ներկայացնելը, պարոն Ֆադեեւը ծանուցեց, որ շուտով կստեղծվի հայ-ռուսական երկաթուղային ընկերություն: Մինչ այդ, ըստ վերոհիշյալ համաձայնագրի, աշխատանքային խմբերը կուսումնասիրեն` ինչպիսին է նորմատիվային դաշտը, փոխադրումների բազան եւ այլն: Ժամկետները ֆիքսված չեն:

Գենադի Ֆադեեւը կարեւորեց Վրաստանի մասնակցությունը տրանսպորտային միջանցքի բացմանը իբրեւ երրորդ հավասար կողմ: «Միամիտ կլիներ ասել, թե ամեն ինչ հեշտ է, ամեն ինչ դժվար է, շատ դժվար, բայց ինչ-որ բանից պետք է սկսել», - ասում է Գենադի Ֆադեեւը` կարեւորելով Մոսկվան Սեծովյան ծովեզերքով, Վրաստանով Հայաստանին կապող երկաթուղային միջանցքի բացումը:

Ըստ նրա, սա ոչ միայն, Հայաստանի, այլեւ ամբողջ Կովկասի տարանցիկ փոխադրումների զարգացմանն է միտված: Նա կարծում է, որ եթե Կովկասը ինքնուրույն չբացի դռները բեռնափոխադրողների առջեւ, ապա այն բեռնահոսքը, որը պատրաստ է, օրինակ` Միջին Ասիայից, Չինաստանից Կովկասով հոսել դեպի Իրան, Թուրքիա, կկանգնի: «Առկա խնդիրների չլուծման պարագայում բեռնափոխադրողները ստիպված են լինելու ընտրել հուսալի, հարեւան տրանսպորտային միջանցքներ: Ջուրը միշտ իր հունը գտնում է, եւ բեռներն էլ կգտնեն: Լավագույնը կլինի այդ հնարավորությունը չկորցնելը»,- ավելացրեց Գենադի Ֆադեեւը: