Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԵՐԹ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ

Տնտեսություն

Արդեն 6-րդ ամիսն է, ինչ չի գործում «Նաիրիտը»: Հունիս ամսին գործարանը կանգնեցվեց վերազինվելու եւ մի քանի օրից վերագործարկվելու նպատակով, սակայն այդպես էլ չվերագործարկվեց: Այսօր գործարանի ճակատագրով մտահոգված աշխատակիցները գործարանի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել եւ պահանջում էին իրենց վերջին 2 ամսվա աշխատավարձերը, նաեւ նախկին պարտքերը, որոնք սառեցվել են:

«Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը ԱԺ-ի ամբիոնից հայտարարում է, որ Կիրովի պարտքերը մարված են, սակայն մենք հացի փող չունենք, բավական չի հին պարտքերը չեն տալիս, դեռ նոր տնօրինությունն էլ վերջին 2 ամսվա աշխատավարձերը չի տվել»,- մեզ հետ զրույցում ասաց գործարանի աշխատակից Ալեքսան Մարգարյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք վճռական են տամադրված. «Կոլեկտիվի 90տոկոսին նստեցրել են տանը. ոչ աշխատում ենք, ոչ փող ենք ստանում, մեր աշխատածի դիմաց փողերն էլ չեն տալիս, դատարանն էլ մեր հայցադիմումը չվերցրեց՝ պատճառաբանելով, որ խնդիրը ադմինիստրացիան լուծել է. աշխատավարձերը սառեցված են: Կառավարությունը մեր ձայնը չի լսում, բայց մենք մեր պահանջը պնդելու ենք»:

Պարոն Մարգարյանը վրդովված էր ոչ միայն իրենց աշխատավարձերի չվճարման պատճառով, այլեւ մտահոգված է գործարանի ճակատագրով: Ըստ նրա, ունեցած մի քանի միլիոն պարտքի պատճառով երեկ ժամը 11-ից գործարանը հոսանքազրկել էին, իսկ քլորոպրենի անվտանգ պահպանման համար անհրաժեշտ է, որպեսզի 24 ժամ այն անընդհատ սառը վիճակում գտնվի:

«Օրը 1մլն դրամ ծախսում են, որ քլորը պահպանեն, իսկ մի օր հոսանքազրկման պատճառով ամբողջ հումքը փչանալու էր, դեռ էկոլոգիական վտանգն էլ չեմ ասում»,- ասում է պրն. Մարգարյանը:

Բարեբախտաբար, երեկ կեսգիշերին մոտ էլեկտրամատակարարումը վերակագնվել է, բայց ժամանակավոր՝ մեկ շաբաթով, մինչեւ խնդիրը որոշակի լուծում ստանա:

Վաղը «Նաիրիտի» աշխատակազմը գործարանի դիմացից երթով հասնելու է կառավարության շենք, ապա նաեւ նախագահի նստավայր՝ պահանջելով լուծել «Նաիրիտի» խնդիրները: