Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՈՒՏՈՎ ԿԻՄԱՆԱՆՔ ՀՀ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՊԱԼԱՌՈՒԻՆ

Տնտեսություն

Առաջիկա երկու ամիսներին կորոշվի Հայաստանի էլեկտրացանցային տնտեսության վերակառուցման կապալառուն: Այսօր մամլո ասուլիսում այդ մասին հաղորդել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը:

Նրա ասելով, վերակառուցումը նախատեսվում է իրականացնել Ճապոնիայի միջազգային զարգացման բանկի 35 մլն դոլար վարկի միջոցներով: Պայմանագիրը բանկը կնքել է Հայաստանի կառավարության հետ, որն իր հերթին ենթակապալային պայմանագիր է կնքել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ: Ինչպես նշել է գլխավոր տնօրենը, հայտամրցույթին մասնակցում է 5 ընկերություն. շվեդաշվեյցարական ABB կոնցեռնը, գերմանական «Սիմենս» եւ «Ալստոմ» ընկերությունները, ինչպես նաեւ 2 ճապոնական ընկերություններ: Ճապոնիայի կառավարության միջոցներով նախատեսվում է վերականգնել 33 էլեկտրական ենթակայան, գնել եւ տեղադրել 150 հազար էլեկտրական հաշվիչ:

Նշենք, որ աշխատանքները, փաստորեն, պետք է ավարտվեն մինչեւ 2005 թվականի վերջը: Ընդ որում պետք է արդիականացվի յուրաքանչյուր երրորդ ենթակայանը՝ առանց կանգնեցման: Ընկերության ղեկավարությանն առանձնապես մտահոգում է 6-10 կիլովոլտանոց ենթակայանների տեխնիկական վիճակը: Որպես վարկի վերադարձման երաշխավոր հանդես է գալիս ՀՀ կառավարությունը: Վարկի պայմանները, որի տրամադրման շուրջ բանակցություններ են վարվել 1999 թվականից, արտոնյալ են: Այն տրամադրվում է 40 տարի ժամկետով, 10 տարի անց մարումն սկսելու պայմանով եւ 0,75 տոկոս տարեկան տոկոսադրույքով: