Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԵՎՈՐԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀՆ Է

Տնտեսություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

1992 թվականից, երբ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, կնքվել են ավելի քան յոթանասուն երկկողմ իրավապայմանագրային փաստաթղթեր: Այդ տվյալը զիջում է միայն հայ-ռուսական համագործակցության փաստաթղթերի քանակին:

Փաստաթղթերը, սակայն, ոչ միշտ են կյանքի կոչվում: Այդ պատճառով էլ հայ-վրացական եւ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը անհամեմատելի է: Ի դեպ, 2001 թվականի հոկտեմբերի 23-ին Երեւանում կնքված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրը` հայ-վրացական հարաբերությունների հիմնարար փաստաթուղթն է, ըստ որի, երկու երկրներն «իրենց հարաբերությունները կառուցում են որպես բարեկամական պետություններ»: Տվյալ դեպքում զարմանալի է, թե ինչպես էր վերջին երկու ամիսների ընթացքում դրսեւորվում վրացական կողմի «բարեկամությունը» հայ քաղաքացիների նկատմամբ, որոնք պատանդ էին դարձել «Վերին Լարսի» անցակետում եւ «Ռոքի թունելում»: Ռոբերտ Քոչարյանի այցի ժամանակ վրացական կողմի ցուցաբերած «մեկանգամյա բարի կամքի դրսեւորումը», երբ «ճանապարհային պատանդներին» վերջապես թույլ տրվեց մուտք գործել Հայաստան, ապացուցում է, որ սահմանում ստեղծված աննորմալ իրավիճակը առաջացել էր նաեւ վրացական կողմի նախաձեռնությամբ` համենայնդեպս, հայերին վերաբերող խնդիրը: Մինչդեռ հայկական կողմը առաջնորդվում է հայ-վրացական համագործակցության հիմնարար փաստաթղթով եւ 2002 թվականին որոշել է ՀՀ առջեւ Վրաստանի պարտքը վերաձեւակերպել: Հիշեցնենք, որ այդ պարտքերն առաջանում են մատակարարվող էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումների արդյունքում: Փոխարենը Վրաստանը սկսել է մարել իր ունեցած պարտքերը Ադրբեջանին: Սա չի՞ նշանակում, որ Վրաստանը շահարկում է Հայաստանին ամբողջությամբ շրջափակումից փրկող միակ ճանապարհի տրամադրումը: Իրականում հայ-վրացական հարաբերություններն ավելի բարդ են: ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի մեկնաբանությամբ հայ-վրացական ոչ ակտիվ կապերն ունեն մի քանի պատճառ: Նախէ երկու երկրների կողմից տարբեր ռազմավարական գործընկերների ընտրությունը: Երկրորդ` Վրաստանի ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով Վրաստանը զուսպ քաղաքականություն է որդեգրել ԼՂՀ խնդրի վերաբերյալ: Եւ վերջապես երրորդ` ամենատարրական խնդիրը` Հայաստանի պաշտոնյաները շատ հաճախ նույնիսկ չեն ճանաչում իրենց վրաց գործընկերներին, ինչն էլ մեծապես խանգարում է տնտեսական հարաբերությունների զարգացմանը: «Մենք ծանոթ չենք Վրաստանի լավ եւ վատ տնտեսությանը: Իսկ հայաստանյան ապրանքները, դա լինի աղ, կոնյակ եւ այլն, լավ չեն ներկայացված Վրաստանում: Հայաստանը տնտեսական զարգացման լուրջ պոտենցիալ ունի, բայց մենք քիչ ենք դա օգտագործում»,- ասում է Մանասերյանը. «Զարմանալի է, բայց հիմա ոչ քրիստոնյա Իրանի հետ մենք ավելի լավ ենք համագործակցում, քան Վրաստանի հետ»: Այս դեպքում էլ կան բացատրելի պատճառներ: Չնայած նրան, որ թե Հայաստանը, թե Վրաստանը ԱՊՀ եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամներ են, բայց այդ երկու կառույցի որեւէ ծրագրի շրջանակում պարտադրված չեն համագործակցել: Նման համագործակցության նույնիսկ ուրվագիծ գոյություն չունի: Մինչդեռ, Վրաստանը եւ Ադրբեջանը ընդգրկված են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ծրագրի մեջ, որի իրագործումից հետո Վրաստանին խոստացվում է տարեկան 300-500 միլիոն, իսկ Ադրբեջանին` 1 միլիարդ դոլարից ավելի եկամուտ: «Այս դեպքում, կարծում եմ, որ Վրաստանի համար առաջնային է տնտեսական շահը, քան դարավոր բարեկամությունը»,- ասում է ԱԺ պատգամավորը: Վերջինս, ի դեպ, նաեւ դժգոհում է, որ Հայաստանը շտապել է դառնալ Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ: Դեռ բավական չէ, որ հայաստանյան ապրանքները որակի առումով այնքան էլ մրցունակ չեն, նույն ԱՀԿ կառույցի շրջանակներում Վրաստանի կողմից ոտնահարվում են Հայաստանի իրավունքները: Վրաստանն իր ճանապարհներն իբրեւ տրանզիտային ուղի օգտագործելու նպատակով ԱՀԿ ոչ անդամ-պետություն Ադրբեջանից գանձում է 50 տոկոսով պակաս գումար, քան պահանջում է ԱՀԿ անդամ-պետություն Հայաստանից: «Դա արդեն դիսկրիմինացիա է»,- եզրակացնում է Թաթուլ Մանասերյանը: Ի դեպ, անցյալ տարվա տվյալներով ակնհայտ երեւում է, որ հայ-վրացական տնտեսական համագործակցությունից կրկնակի շահում է Վրաստանը: Տվյալների համաձայն 2003 թվականին Հայաստան ներկրվել է 31 միլիոն 471 հազար դոլարի վրացական ապրանք, իսկ հայկական ապրանքների արտահանումը Վրաստան կազմել է ընդամենը 16 միլիոն 606 հազար դոլար:

ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ