Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԲ-ԻՑ ԵՎՍ 20ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՀՀ-ԻՆ` «ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ» ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Տնտեսություն

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ Կոյրոլոն այսօր ՀԲ երեւանյան գրասենյակում հայտնեց, որ այդ կառույցը պատրաստվում է եւս 20մլն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին` «աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» իրականացման համար:

Հոկտեմբերի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել էր, որ Հայաստանում չկա մարդկային աղքատություն, կա եկամուտների աղքատություն: Տիկին Դոննա Դաուսեթ Կոյրոլոյից փորձեցինք ճշտել, թե այդ դեպքում ավելի արդյունավետ չի՞ լինի 20 միլիոնը ուղղել ոչ թե իբր գոյություն չունեցող աղքատության հաղթահարմանը, այլ` արդեն մարդկանց եկամուտների ավելացմանը, «Հայաստանի բնակիչների 42,9 տոկոսը կազմում են աղքատները, եւ 7,4 տոկոսը` ծայրահեղ աղքատները,-ասաց ՀԲ տարածաշրջանային տնօրենը: - Այս տեսակետից պետք է ուսումնասիրել` արդյո՞ք մարդիկ կարողանում են ստանալ պատշաճ առողջապահական ծառայություններ, կրթություն: Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում այդ բոլոր թույլ կողմերը կառավարության կողմից նշվում են, եւ ՀԲն ցանկություն ունի իր աջակցությունը տրամադրել այս հարցերի լուծմանը: Ես չգիտեմ` ինչ կարող էր նկատի ունենալ նախարարը»:

Իր հայտարարությունը նախարար Ճշմարիտյանը հիմնավորել էր այսպես. «Ի տարբերություն որոշ երկրների, որտեղ մարդիկ ասֆալտի երես չեն տեսել, դպրոց չեն հաճախում, ժողովրդի մեծ մասը գտնվում է կիսասոված վիճակում` Հայաստանում տնտեսության զարգացման երկնիշ աճ է արձանագրվում»: