Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տնտեսություն

Այսօր Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) Թեքեյան կենտրոնում շնորհանդես էր կազմակերպել «Հարկային օրենսդրության մշակման ոլորտում ԵՄ փորձը» թեմայով: Եվրամիության հարկային միասնական դաշտն ու տարիների փորձը մեր երկրի շահառուներին ներկայացրեց Ֆիսկալ փաստաթղթերի միջազգային բյուրոյի (IBFD) պատվավոր խորհրդական Հուբերտ Համայկերսը:

Շնորհանդեսին ներկա հայաստանյան եւ եվրոպական ներկայացուցիչները հետաքրքիր, բայց միմյանց հակասող տեղեկություններ ներկայացրին: ՀՀ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասաց, որ ԵՄ անդամ երկրների հարկատուները պարտաճանաչ եւ բարեխիղճ վճարողներ են, ինչին պետք է հասնել վարչարարության ուժեղացմամբ, օրենսդրության բարելավմամբ: AEPLAC-ի Եվրոպական տնօրեն Քեննեթ Մյունթերի բացման խոսքում հնչեցին ճիշտ հակառակ վերլուծությունները. «Ոչ մի երկրի հարկատու չի ուզում բաժանվել դառը քրտինքով վաստակած գումարներից, որոնք վճարվում են պետությանը հարկի տեսքով: Սակայն բոլոր գործարարները պիտի հասկանան, որ այդ վճարված հարկերը վերադառնում են իրենց ընտանիքներ»:

Այս առումով Հուբերտ Համայկերսը հատկապես կարեւորեց «Վարքագծի օրենսգրքի» մշակումն ու կիրառումը: Նրա խոսքով, ԵՄ անդամ երկրներում ուղղակի եւ անուղղակի հարկատուների նկատմամբ կիրառվում է այդ օրենսգիրքը, որով միաժամանակ եվրոպական մի պետություն կարողանում է ազդել կամ ճնշում գործադրել մեկ այլ պետության վրա:

Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի պնդմամբ, այս տարի առաջին անգամ շահութահարկի մասով երկրի պետական բյուջեն կատարվում է: «Դա արդյունք է նրա, որ իրական եկամուտներերն ու շահույթները թաքցնող խոշոր գործարարները լրագրողների հետազոտություններից ու հրապարակումներից կաշկանդվելով՝ սկսել են շահութահարկ ցույց տալ»,- եզրակացրեց հարկահավաքը: