Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱԼ»

Տնտեսություն

Գործարարության զարգացման նպատակով` միջազգային կազմակերպությունները ուսումնասիրություն-զեկույց են պատրաստել, որն այսօր ներկայացրին «Կոնգրես» հյուրանոցում: Կազմակերպիչներն էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի Եվրոպայի ու ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կալման Միժեյը, ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, «Գործարարների եւ արդյունաբերողների միության» նախագահ Արսեն Ղազարյանը:

Կալման Միժեյը հիացմունքով նշեց, որ Հայաստանում կառավարության ու մասնավոր գործարարների միջեւ տիրում է կատարյալ ներդաշնակ ու փոխըմբռնման մթնոլորտ:

Փորձեցինք ճշտել`ընդամենը երեք օր մեր երկրում գտնվող արտասահմանցի պաշտոնյան ինչպե՞ս է ոլորտն ուսումնասիրել. տեղյա՞կ է արդյոք, որ կառավարության եւ խորհրդարանի շատ ներկայացուցիչներ անձամբ զբաղված են մասնավոր բիզնեսով կամ հովանավորում են գերծարարների:

Տարածաշրջանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի 30 գրասենյակների աշխատանքները համակարգող պաշտոնյան ընդամենը նշեց, որ կառավարությունը չպետք է միջամտի մասնավոր հատվածի գործունեությանը, այլ նպաստի ազատ շուկայի զարգացմանը:

Այս առումով հետաքրքիր էր Գործարարների ասոցիացիայի նախագահ Արսեն Ղազարյանի դիտարկումը. «Ռուսաստանը կամաց-կամաց շեղվել է ազատական շուկայի սկզբունքներից դեպի կոորդինացման խստացման, բիզնեսում կառավարության անհարկի միջամտության, պետության կողմից կողմնորոշիչների մշակման, քաղաքականության մեջ ավտորիտար համակարգերի վերականգման ուղղությամբ: Այդ պրոցեսների զարգացումը մեր երկրում պետք է կասեցնել»:

Արսեն Ղազարյանը չհամաձայնեց, որ Ռուսաստանը որոշ առումներով տնտեսության պլանավորման մեխանիզմն է վերականգնում: Իսկ Հայաստանում ալյուրի գների զգալի նվազման պայմաններում հացի թանկացած գների արհեստական պահպանումը գործարարն անվանեց «շուկայական տնտեսությունում օլիգարխական համակարգի առկայություն»: Բնականաբար, օլիգարխներն էլ պլանավորում են ապրանքի գինը: