Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԸ ՉՈՐՍ ԱՆԳԱՄ ԱՃԵԼ ԵՆ

Տնտեսություն

Այսպիսի հայտարարություն այսօր արեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Գլխավոր բանկիրը հրավիրվել էր Թեքեյան կենտրոն՝ մասնակցելու «Հիպոտեկային շուկայի զարգացման ոլորտում ԵՄ փորձը» թեմայով սեմինարին:

Հետաքրքիր փաստ արձանագրեք. Գերմանիայում հիպոտեկային բանկերը ձեւավորվել են 230 տարի առաջ, իսկ Հայաստանում արդեն երկու տարի է՝ մտածում են շուկայի զարգացման մասին:

Այսօրվա սեմինարի ընթացքում ԵՄ պետությունների փորձը ներկայացրեց Եվրոպական Հանձնաժողովի նախկին գլխավոր տնօրեն, Դանիայի հիպոտեկային բանկերի ասոցիացիայի խորհրդատու Օլե Բուս Հենրիկսենը: Նրա ներկայացրած տվյալներով, ԵՄ անդամ շատ երկրներում անշարժ գույքի գրավադրմամբ հիպոտեկային վարկը տրամադրվում է մինչեւ 30 տարի ժամկետով եւ 5% տոկոսադրույքով:

Հայաստանում առեւտրային բանկերը առայժմ 14-18 տոկոսով եւ առավելագույնը՝ 5 տարի մարման ժամկետով են վարկ տրամադրում: ԿԲ նախագահի հավաստմամբ, Ղասախստանում, որտեղ շուկան առանց այդ էլ զարգացած էր, այս տարի 4 անգամ ավելացել է հիպոտեկային վարկերի քանակը: Ըստ նրա, մեր երկրում ոլորտը կարող է նույնկերպ զարգանալ:

Տիգրան Սարգսյանը չփորձեց զուգահեռներ անցկացնել, սակայն, թե Ղասախստանը քանի երկրի նկատմամբ տարածքային չլուծված կոնֆլիկտ ունի, պետության սահմանները քանի կողմից են շրջափակված, պատերազմի վերսկսման վտանգով պայմանավորված բնակարանների շուկայական գները քանի անգամ կարող են նվազել:

Այս հանգամանքները տնտեսագիտական լեզվով «ռիսկային գործոններ» են համարվում: Միաժամանակ բանկի նախագահը եւս մեկ անգամ կարեւորեց կենսաթոշակային հիմնադրամների եւ ապահովագրական ընկերությունների ստեղծումը, որպես հիպոտեկային շուկայի զարգացման նախադրյալ: