Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ «ԿՆՊԱՍՏԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ»

Տնտեսություն

Այսօր Կենտրոնական բանկում վիրտուալ քարտերով «էլեկտրոնային առեւտուրը» Հայաստանում կիրառելու շնորհանդեսն էր: Նոր համակարգը մեր առեւտրային եւ բանկային ոլորտ ներդրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ: Առայժմ էլեկտրոնային առեւտրի սպասարկման եւ վաճառքի ծառայություններից օգտվողները կարող են ընդամենը կոմունալ վճարումներ եւ դրամական փոխանցումներ կատարել:

Այս ամսի սկզբից Bi-Line ընկերության eshops.am կայքի այցելուները հնարավորություն ունեն վիրտուալ խանութից ընտրել եւ գնել տեխնիկա: Սակայն մինչ գործարքներ կատարելը քարտապաներից պահանջվում է գրանցվել www.arca.am կայքում:

Շնորհանդեսը կազմակերպել էին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Լիս Գրանդեն եւ «Արմենիան Քարդ» ընկերության տնօրեն Շահեն Հովհաննիսյանը:

Ելույթում տիկին Լիս Գրանդեն ընդգծեց, որ վիրտուալ քարտերով էլեկտրոնային առեւտրի համակարգի ներդրումով կբարձրացվի գործարքների անվտանգությունը, կավելանան պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքներ կատարողները, կընդլայնվեն Հայաստանում այդ նորամուծության հնարավորությունները, կկրճատվի աղքատությունը:

Հատկապես աղքատության կրճատումը տիկին Գրանդեն պարզաբանեց այսպես. «Նորամուծության կիրառմամբ կապահովվեն տնտեսական աճի բարձր ցուցանիշներ»:

Այս առումով առավել հետաքրքրական էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի մեկնաբանությունը. «Վիրտուալ քարտերով էլեկտրոնային առեւտրի եւ անկանխիկ գործարքների ծավալների մեծացումով կնվազի ստվերային տնտեսությունը, ինչը եւ կհանգեցնի աղքատության ծավալների կրճատման»:

Կենտրոնական բանկում նոր համակարգից օգտվելը ներկայացվեց նաեւ խոշոր էկրանի վրա, ինչի ընթացքում «ԱրՔա» ընկերության ներկայացուցիչը Bi-Line խանութից 7040 դրամով գնեց «Քաջ Նազար» լազերային սկավառակը: Նա նշեց, որ առեւտրի եւ ծառայությունների անկանխիկ գործարքների համար ծառայավճար չի գանձվում, իսկ կանխիկ փոխանցումների դիմաց միջնորդավճարները սահմանում են գործարքի մասնակից բանկերը: