Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳԱՂՏՆԻ » ՇԻՆԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

Տնտեսություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից

Երեւանի իշխանությունները չտրամաբանված մթությամբ են շղարշել տասնամյակից ավել անգործության մատնաված հյուրանոցի շինաշխատանքների եւ սեփականատերերի թեման:

«Սեւան» հյուրանոցի սեփականատերը բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանն է: Նրան պատկանող «Կարուսել Իսթաբլիշհմենթ» ընկերությունը հյուրանոցը աճուրդով գնել է 1996 թվականին: Այն տարիներին անշարժ գույքի դիմաց վճարվել է պատկառելի գումար, մեր տեղեկություններով` 1,8մլն դոլար: «Սեւանը» փորձել են վերանորոգել խորհրդային տարիներին, սակայն կիսատ է մնացել, իսկ վերջին 10 տարում հիմնականում ապամոնտաժվել են դուռ-պատուհանները, թալանվել է ամեն բան, ինչ հնարավոր էր քանդել-տանել: Հյուրանոցի պահակ Խաչիկը կառույցի մի անկյունում տնտեսություն է ստեղծել, ընտանյոք ապրում է, ապրում են եւս երեք անտուններ: Դատելով տարբեր հարկերում շաղ տված դատարկ շշերից, պատերի գրություններից, սննդի մնացորդներից, բարձերից ու շորի կտորներից` անուշադրության մատնված տարածքը օգտագործվել է նաեւ էժանագին վայելքների համար: Անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանը հյուրանոցի մոտի սյունին վահանակ էր փակցրել, որում նշված էր շինարարությունն ավարտելու ժամկետը` 2004թ. փետրվարի 14: Անցել է 9 ամիս, եւ ընդամենը սկսվել է շինաղբի հեռացման ու շրջակայքի ցանկապատման աշխատանքը: Քաղաքապետարանի պաշտոնյաները, անհասկանալի պատճառներով, խուսափում են որեւէ ինֆորմացիա տրամադրել կառուցապատող ընկերության, նախագծի, մակետի, ավարտման ժամկետների մասին:

Կենտրոն թաղապետարանի պատասխանատուներն ավելի համարձակ գտնվեցին եւ փոխանցեցին, որ մեկ ամիս առաջ «Կարուսել իսթաբլիշհմենթ» ընկերությանը շինթույլտվություն է տրվել, հաստատվել է ապագա կառույցի նախագիծը: Իրականությունը հետեւյալն է:

Վաչե Մանուկյանը գնել է հյուրանոցը, սակայն հետագայում բախվել է չինովնիկական բյուրոկրատական քաշքշուկների: Միայն 2001 թվականին է նրան հաջեղվել ձեռք բերել բոլոր փաստաթղթերը, սեփականության վկայականը: Այդ ընթացքում սեփականատերը վարձել է մասնագետների` պարզելու շինության օպտիմալ օգտագործելու հնարավորությունները: Միաժամանակ իշխանություններին հպատակված լրատվամիջոցները տարբեր առիթնեով հայտնի բարերարի անունը շահարկել են` ինչ-ինչ քաղաքական խաղերի հետ կապելով: Ամենաթարմը վերջին ընտրական շրջանում մամուլի հրապարակումներն էին, թե իբր Վաչե Մանուկյանը ֆինանսավորում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին` նրա նախագահական նախընտրական քարոզարշավն իրականացնելու նպատակով: «Վաչե եւ Թամար Մանուկյաններ » բարեգործական հիմնադրամը ստիպված եղավ հիշեցնել, որ իրենց առաքելությունը նախեւառաջ հայրենիքում բարեգործություն ծավալելն է:

Հիմնադրամի պատասխանատուները հյուրանոցի վերաբերյալ հայտնեցին, որ «Սեւանի» 8-ամյա անգործությունը քաղաքական դրդապատճառներ չի ունեցել: Պատճառները հիմնականում տեխնիկական կամ մանր չինովնիկական են եղել, որոնք արդեն վերացել են:

«Սեւանը» ամբողջովին ապամոնտաժվելու է, նրա տեղում կառուցվելու է ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր: Առաջին երեք հարկերը կզբաղեցնեն «HSBC» բանկն ու այլ միջազգային կամ տեղական կազմակերպություններ, վերին հարկերում նախատեսվելու է հյուրանոցային հատված: Ապամոնտաժելու թույլտվությունը թաղապետարանն արդեն տվել է, նոր նախագիծը հաստատված է: Քննարկվել է ճակատային հատվածը պահպանելու հարցը, ինչը, սակայն, նույնպես նպատակահարմար չի համարվել:

«Սեւանի» կողքին է կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը, որը կառավարության որոշմամբ հատկացվել է «Միջազգային բիզնես կենտրոն» ընկերությանը` կառավարության 4-րդ մասնաշենքը կառուցելու դիմաց վճարման մի մաս: Այդ շենքը նույնպես ապամոնտաժվում է, սակայն մեր տեղեկություններով` ապօրինաբար: Թաղապետարանը քանդելու շինարարական թույլտվություն չի տվել, շենքը «Բիզնես կենտրոնը» վաճառել է Գաֆեսճյաններին, որոնք մտադիր են այնտեղ իրենց համար գրասենյակ կառուցել: Նոր սեփականատերերը որոշել են գործն սկսել, հետագայում մտածել փաստաթղթային ձեւակերպումների մասին: Այս տեղեկությունները նույնպես քաղաքապետարանից եւ թաղապետարանից ճշտել չհաջողվեց:

Ըստ էության, սրանք մասնավոր ընկերություններին վերաբերող մասնավոր տվյալներ են, որոնք ընդամենը քաղաքաշինության ոլորտն են շոշափում: Տեղական իշխանությունները, սակայն, խիստ վախվորած ու խուսափողական պահվածք են որդեգրել Երեւանի վերաշինման մասին տեղեկություն հաղորդելիս: Սրանք այն իշխանություններն են, որոնք պարբերաբար հայտարարում են քաղաքաշինական փոփոխությունների դեպքում հասարակական լսումներ կազմակերպելու մասին, իսկ Երվանդ Զախարյանը անձամբ հայտարարեց, որ բոլոր կառուցապատողները պարտավորվելու են փակցնել վահանակներ, որոնք պարունակելու են պատվիրատուի, շինկազմակերպության, շինաշխատանքների սկսման եւ ավարտման մասին ինֆորմացիա, նկարված է լինելու մակետը: Դա իրոք քաղաքաշինական պարտադիր նորմ է, որպեսզի ցանկացած քաղաքաբնակի հասու լինի ապագա կառույցի մասին գոնե մինիմում ինֆորմացիան:

Հատկանշական է, որ հազվագյուտ կառուցապատողներ են կատարում այդ «պարտավորությունը»:

ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ